Նախատեսվում է ավելացնել դատավորների թիվը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Ոստիկանության պարեկային ծառայութան գործունեության մեկնարկին և կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընթացքին:
Կառավարությունը համաձայնություն է տվել Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը` դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը նախատեսվում է ավելացնել 8 դատավորով, 1-ական դատավորներով մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը, 3 դատավորով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը: Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ապահովել նաև 20 դատավորի ավելացման անհրաժեշտ պահպանման ծախսերը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառանալով որոշմանը, նշել է, որ դատավորների թվակազմի ավելացումը պետք է դիտարկել նաև որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց: «Ինչպես Պարեկային ոստիկանությունում, գալիս են մարդիկ, ովքեր նախկինում ոստիկանության հետ առնչություն չեն ունեցել՝ իրենց հետ բերելով նոր հայացք, նոր մոտեցում, բնականաբար, ոստիկանությունում արդեն առկա լավագույն փորձը հաշվի առնելով, նույն արդյունքը մենք հետապնդում ենք նաև դատական համակարգում: Հույս ունենք, որ այս լրացումներով, համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ նոր թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավվենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, պայմանական ասած, մեր երազանքների դատական համակարգը, որի դիրքորոշումները հենց իրենց բնույթով և էությամբ, իրենց ծագմամբ կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում և դրսևորում: Սա ամենակարևոր նպատակն է, որն մենք բոլորս հետապնդում ենք, ուստի, կարծում եմ, շատ կարևոր որոշում է՝ հաշվի առնելով նաև այն ուղեկցող ընթացակարգերը, որոնք մենք վերջին տարիներին սահմանել ենք նոր դատավորների և ընդհանրապես պաշտոնյաների նշանակման համար»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը: