Հանգիստը՝ ջրամբարներում ու գետերում

Հանգիստը՝ ջրամբարներում ու գետերում

Ջրամբարներում ու գետերում լողալը կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել, հատկապես, եթե տեղանքին ծանոթ չեք։ Ահա մի քանի ցուցում հանգստացողների համար․

  • Լողալուց առաջ պետք է լինել հանգիստ, հավասակշիռ վիճակում, ջուրը մտնել արագ ու չկանգնել անշարժ, քանի որ կարող է ջղաձգություն առաջանալ։ Ցանկալի է լողալ ծանծաղուտ տարածքում։
  • Խորհուրդ չի տրվում լողալ 17-19 աստիճանից ցածր ջերմաստիճան ունեցող ջրում եւ 21 – 23 աստիճանի օդի պայմաններում։
  • Խորհուրդ չի տրվում լողալ 15 – 20 րոպեից ավելի։ Երկարատեւ լողը կարող է բերել մարմնի ջերմաստիճանի անկման եւ ջղաձգության։
  • Արգելվում է լողալ գիշերային ժամերին։
  • Ջուր պետք է մտնել սնունդ ընդունելուց 2 ժամ հետո։

Անվտանգության կանոններ

  • Հոգնածության նշաններ ի հայտ գալու դեպքում պետք է լողալ դեպի ափ։
  • Ջղաձգվածության դեպքում պետք չէ խուճապի մատնվել․ փորձե՛ք մնալ ջրի մակերեսին ու օգնություն կանչել։ Երբ ձեզ օգնության են գալիս, մի՛ բռնվեք դիմացինից, այլ ձեր գործողություններով հեշտացրե՛ք երկուսիդ տեղաշարժը։
  • Բաց ջրավազանը, անկասկած, վտանգավոր տեղանք է, ուստի ջուրը մտնելիս ու լողալիս պետք է առավելապես զգոն լինել։
  • Երեխաներին քայլարշավի, պիկնիկի կամ ճամբար ուղարկելիս մեծահասակները պետք է նրանց ծանոթացնեն ջրային տարածքներում անվտանգության կանոններին։
  •  Խորհուրդ չի տրվում ափից շատ հեռանալ, անցնել լողանշանները։ Անծանոթ տեղանքում լողալուց առաջ պետք է ուսումնասիրել ջրի հատակը։ Երբեք մենակ մի՛ լողացեք, եթե վստահ չեք ձեր ուժերի վրա։
  • Պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել ծանծաղուտում լողացող երեխաներին, քանի որ նրանք կարող ենք ընկնել ու ջրահեղձվել։ Մի՛ կազմակերպեք այնպիսի ջրային խաղեր, որոնց նպատակն առարկան օդում բռնելն է, քանի որ հաղթելու մոլուցքով տարված՝ խաղընկերը կարող է ջուր «ներշնչել» ու ուշաթափվել։ Ջրամբարներում նավակով լողալիս երեխաները պետք է փրկարարական բաճկոն ունենան։
  • Վտանգավոր է սուզվել անծանոթ տեղանքում, քանի որ դուք կարող եք հարվածել գլուխը, ստանալ վզի կոտրվածք, կորցնել գիտակցությունը։
  • Եթե հայտվել եք գետի արագ հոսանքում, պետք չէ հոսանքին հակառակվել․ լողացե՛ք հոսանքի ուղղությամբ դեպի ափը՝ կարգավորելով շնչառությունը։ Եթե հայտնվել եք հորձանուտում, փորձեք չկորցնել ինքնակառավարումը։ Հնարավորինս շատ թթվածին ներշնչե՛ք, սուզվե՛ք ու փորձե՛ք հոսանքի ուղղությամբ դուրս գալ մակերես։
  • Մի՛ լողացեք պղտոր, ցածր տեսանելիությամբ ջրում։
wp-apeth