Ինը մարդ թունավորվել է. հարուցվել է քրգործ

Ինը մարդ թունավորվել է. հարուցվել է քրգործ

2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչներ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրտավական բաժնից:

«Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նախնական վարկածով խմելու ջրի թունավորումից «Արմավիր» բժշկական կենտրոն դիմած բնակիչների թիվը 26-ն է, նրանցից 10-ը հոսպիտալացվել է։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է «Արմավիր» ԲԿ–ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը։

«Բոլոր դիմողներն էլ եղել են Արմավիրի մարզի Խանջյան համայնքից։ Հոսպիտալացված 10 բնակիչների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մնացած հիվանդները համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել»,- ասել է բժիշկ–համաճարակաբանը՝ հավելելով, որ բնակիչները բժշկական կենտրոն են դիմել օգոստոսի 11-ին եւ 12-ին։ Այսօրվա դրությամբ, դիմողներ չեն եղել։ Հիվանդների մեջ եղել է մեկ անչափահաս երեխա, նա հոսպիտալացվել է։

wp-apeth