Գյումրիում մեկնարկելու է բնակարանաշինական նոր ծրագիր

Գյումրիում մեկնարկելու է բնակարանաշինական նոր ծրագիր

Գյումրու համայնքապետարանի և «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր: «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հետ կնքված համաձայնագրի հիմքում ժամանակավոր կացարաններում բնակվող և անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: Գյումրու համայնքապետարանը «Առք» բարեգործական հիմնադրամին անհատույց հատկացնում է հողատարածք «Անի» թաղամասում՝ բազմաբնակարան շենք կառուցելու համար:

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը հատկացնելու է համապատասխան գումար բազմաբնակարան շենքի նախագծման և շինարարության իրականացման համար: Ներդրվող գումարի 50 տոկոսը ընտանիքների համար անհատույց նվիրատվություն է լինելու, իսկ մյուս 50 տոկոսը ընտանիքները վերադարձնելու են հիմնադրամին՝ անտոկոս փոխառության կարգով, բնակարանամուտից հետո 10 տարվա ընթացքում: Վերադարձվող գումարները ամբողջությամբ օգտագործվելու են ծրագրի հետագա փուլերում բնակարանաշինության համար: Բնակարանների տրամադրման/ բաշխման ժամանակ առաջնահերթություն տրվելու է քաղաքի կենտրոնական հատվածներում և կանաչ գոտիներում տեղադրված ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին:

Մինչ համաձայնագրի ստորագրումը՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Սանոյանը մանրամասն ներկայացրեց ծրագիրը, խոսեց ծրագրի կարևորության, այս պահին իրականացված և հետագա անելիքների մասին, ապա ավելացրեց.

— Սա աննախադեպ ծրագիր է, մեր քաղաքում նման ծրագիր դեռ չի եղել: Բնակարանաշինություն Գյումրիում հիմա կատարվում է, բայց այս շինարարության մեջ կա նաև սոցիալական բաղադրիչ:

Ռուբեն Սանոյանը իր խոսքում նաև ընդգծեց, որ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանի հետ մինչ այս համագործակցել են «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման ծրագրի շրջանակներում, որի արդյունքում սոցիալապես անապահով թվով 41 բնակիչ/ընտանիք այս պահին բնակվում են նոր ու հարմարավետ բնակարաններում:

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանը ևս խոսեց ծրագրի, բարերարների, հիմնադրամի կողմից կառուցվելիք բնակարանների և մի շարք այլ հարցերի մասին.

— Ավագանու որոշմամբ մեզ կարծես թե տրամադրվելու է շենքի հիմքեր՝ սովետական միության ժամանակ կառուցված: 4 հարկ ենք կառուցելու անպայման, ամեն հարկում կլինի 3-4 բնակարան, տեսնենք ընթացքում ինչպես կստացվի: Այսինքն, առաջին փուլի համար խոսքը գնում է 15-18 բնակարանի մասին: Ամբողջովին պատրաստ բնակարաններ են լինելու: «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ակունքներում ամերիկաբնակ մեր հայրենակիցներն են կանգնած, ովքեր հայրենիքից հեռու գտնվելով՝ չեն դադարում ապրել հայրենիքի հոգսերով. — ավելացրեց Հրահատ Ստեփանյանը:

wp-apeth