Բացահայտվել է ավազակության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
«Ձեռնարկված օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվող, Էջմիածին քաղաքի 52-ամյա բնակիչը և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, որը քննությամբ ձեռք բերված տվյալներով, Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ 52 տարեկան, մուտք էր գործել «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, հետևից ծածկել խանութի մուտքի մետաղյա դուռը և վաճառողուհու նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ դանակով և ձեռքերով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարաբնույթ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցրել էր գումար և դիմել փախուստի՝ իր հետ վերցնելով նաև աշխատակցուհու բջջային հեռախոսը:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, ստացվել են արյան նմուշներ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է».- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: