«Լողալն արգելված է». ջրավազաններում լողալու վտանգները
Ծովի ջուրը բուժիչ եւ անվտանգ է դրանում առկա աղի, յոդի եւ միներալների շնորհիվ, որոնք հակասնկային եւ հակամանրէային հատկություն ունեն: Նույնը չի կարելի ասել ջրամբարների եւ ծանծաղուտ ջրերի մասին, որոնցում լողալիս հնարավոր է մի շարք հիվանդություններ ձեռք բերել: Ամենատարածվածն են խոլերան, լեպտոսպիրոզը, էնտերովիրուսային վարակները, մաշկի սնկային հիվանդությունները՝ միկոզները, Հեպատիտ Ա-ն: ԱԻՆ պաշտոնաթերթի անդրադարձը:
Խոլերայի բակտերիաներն ապրում են 5-25 օր , օրգանիզմ են ներթափանցում բաց վերքերի եւ ջուր կուլ տալու միջոցով: Խոլերայի հավանականությունը մեծ է այն տարածքներում, որոնցում կոյուղու ջրերը խառնվում են գրունտային ջրերին: Դժվար է տարբերակել խոլերայի ախտանշանները սուր փորլուծությունից: Սակայն երբ հիվանդությունը հասնում է ծանր ձեւի, նկատվում է արտահայտված ջրազրկում, սրտի դանդաղ աշխատանք, թուլություն, շնչահեղձություն, վերջույթների ու դեմքի մկանների պարբերական կծկումներ, միզակապություն: Ցավոք, եթե այս ամենը ժամանակին չկանգնեցվի, ելքը կլինի մահացու:
Հարկավոր է նշել, որ խոլերայի բակտերիաներն այն քիչ միկրոօրգանիզներից են, որոնք կարողանում են գոյատեւել ծովի ջրում:
Լեպտոսպիրոզը ծանր հիվանդություն է, որի բակտերիաները ջրի մեջ են հայտնվում առնետների, մկների, շների եւ խոզերի կղանքի հետ: Դրանք կենսունակությունը պահպանում են մինչեւ 25 օր: Մարդու վարակումը տեղի է ունենում լորձաթաղանթի եւ աղտոտված ջրի շփման արդյունքում: Հիվանդությունն արագ զարգացող է, ախտանշաններն են բարձր ջերմությունը, սուր մկանային ցավերը, լյարդի ու երիկամների ախտահարումը: Մահացության ցուցանիշն ամենաբարձրն է:
Էնտերովիրուսային վարակները տարածվում են մարդու կղանքի միջոցով: Աղտոտված ջուրն անցնում է փակ ջրային տարածքներում լողացողների աղեստամոքսային համակարգ կամ շնչուղիներ, առաջացնում սրտխառնոց, փսխում, փորլուծություն, տենդ, ցան մարմնի վրա, ֆարինգիտ, նշիկաբորբ եւ կոնյուկտիվիտ՝ շաղկապենաբորբ: Ծանր ձեւի դեպքում զարգանում է մենինգիտ (գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթների բորբոքում), սրտամկանի բորբոքում, պերիկարդիտ (սրտակրանքի բորբոքում):
Սնկային վարակները՝ միկոզները, զարգանում են դանդաղ, հիմնականում քրոնիկ ձեւով, ունեն արտահայտիչ արտաքին նշաններ՝ անկախ հիվանդության տեսակից, օրինակ՝ թեփոտումը: Դրա հետ մեկտեղ՝ մարդը չի զգում ցավեր: Սնկային բակտերիաները ջրի մեջ են ներթափանցում հիվանդ մարդկանց, նրանց օգտագործած իրերի, կենդանիների, թռչունների եւ կրծողների միջոցով: Առաջին հերթին ախտահարվում են մաշկը, կրունկներն ու սեռական օրգանները:
Վարակիչ հեպատիտ Ա-ն փոխանցվում է կեղտոտ ձեռքերի, ջրի եւ սննդի միջոցով: Առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս 30 օր անց: Նկատվում է ինքնազգացողության ընդհանուր վատացում, ցավ եւ ծանրություն կողատակում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, լորձաթաղանթի դեղնություն, մեզի գույնի փոփոխություն:
Ինչպես խուսափել վարակվելուց
Պետք է պարզապես չլողալ կասկածելի ջրային տարածքներում: Կան մի քանի ընդհանրություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել՝
- Եթե կա ցուցանակ՝ «Լողալն արգելված է», ուրեմն պետք չէ ռիսկի դիմել:
- Հարկավոր է խուսափել այն ջրավազաններից, որոնք գտնվում են ֆերմաների, գործարանների եւ զբոսայգիների տարածքում:
- Խուսափե՛ք ծանրաբեռնված լողափերից:
- Եթե տվյալ ջրային տարածքում կան թռչուններ, ուրեմն ամենայն հավանականությամբ այնտեղ բազմաթիվ մակաբույծներ ու մանրէներ կան:
- Պետք չէ լողալ այն ջրերում, որոնք «ծաղկում են», կամ որոնցից տհաճ հոտ է գալիս:
- Արգելվում է առանց ֆիլտրման կամ եռացման ջուր խմել ծանծաղուտից:
- Պետք է այնպես լողալ, որ ջուրը կուլ չգնա կամ չանցնի լորձաթաղաթ: