Դանակահարությունը բացահայտվել է
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով շտապօգնության խումբը 20-ամյա երիտասարդի է տեղափոխել հիվանդանոց, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
«Բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններն արձանագրել են ախտորոշումը, նաև՝ երբ և որտեղից է քաղաքացին բուժօգնության տեղափոխվել։ Նրան դանակահարել էին Շերամի փողոցի շենքերից մեկի բակում։ Իսկ թե ով էր պատճառել մարմնական վնասվածքը, դեռ հարկավոր էր պարզել։
Քրեական հետախույզները դեպքի վայրում օպերատիվ հարցումներ են իրականացրել։ Բացահայտման աշխատանքներին միացել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները։ Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվել է։
Տեղեկություններ են ստացվել, որ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Շերամի փողոցի 18-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղությամբ: Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: