Հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1686 աճյուն

Հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1686 աճյուն

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2021 թվականի հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 602 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ընդհանուր դեպքերի ու պատահարների վերաբերյալ կանչերը:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որից 1-ը բռնկվել է օժանդակ շինությունում, 2-ը տրանսպորտում, ևս մեկ դեպք գրանցվել է անասնաֆերմայում: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և մեկուսացրել կրակը: Ոչ ոք չի տուժել:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթ ելք չեն կատարել:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ որոնողական աշխատանքները կմեկնարկեն վաղը: 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 17 հրթիռ, 2 ավիառումբ: Անացած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 8 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 5 ելք և արձագանքել 7 այլ բնույթի կենցաղային կանչերի։

Շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային մեկ պատահար է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Տուժել է 1 քաղաքացի: Փրկարարները վերջինիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

wp-apeth