3 անձի մահվան ելքով վթար՝ Տավուշի մարզում

3 անձի մահվան ելքով վթար՝ Տավուշի մարզում

2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 32-ամյա բնակիչը «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, որի հետևանքով ավտոմեքենայի երեք ուղևոր մահացել է, իսկ մեկը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ: Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է երկփողանի որսորդական հրացան՝ վնասված վիճակում: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել է բժշկական կենտրոն տեղափոխված անձը, ով հայտնել է, որ դեպքի ժամանակ ինքն է եղել հիշյալ ավտոմեքենայի ղեկին:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth