Կրակոցներ Աբովյան փողոցում, կա մահացած անձ
Սեպտեմբերի 24-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցի սրճարաներից մեկի մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի կա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ահազանգեր ստացվեցին նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներով 23 և 24 տարեկան երկու երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, որոնցից մեկն Էջմիածին քաղաքի բնակիչ էր, մյուսը՝ Առինջ գյուղի, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բա-նից:
«Օպերատիվ խմբի մի մասն Աբովյան փողոց, մյուսները բժշկական կենտրոն մեկնեցին։ Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակով հագուստ, պարկուճներ ու գնդակներ: Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ վիճել էին տուժողների հետ, ինչը շարունակվել էր նաև դրսում, և վեճի մասնակիցներից 24-ամյա մի երիտասարդ, որ Գյուլիքևխյան փողոցի բնակիչ է, հրազենով կրակել էր տուժողների ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան «1-ին համալսարանական» հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. ժամը 21.30-ի սահմաններում տուժողներից մեկը հիվանդանոցում մահացել էր: Հոկտեմբերի 9-ին Գյուլիքևխյան փողոցի 24-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին հայտնաբերեցին առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: