Հայաստանում իրականացվել է 852 355 պատվաստում

Հայաստանում իրականացվել է 852 355 պատվաստում

Նիստի ավարտին անդրադարձել է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երեկ արձանագրվել է 2330 նոր դրական դեպք. «Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 12 188 թեստավորում, ցավոք, գրանցվել է 41 մահ: Իհարկե, դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերի դասերի առցանց անցնելն արդեն որոշակի դրական միտումներ ցույց են տալիս: Մենք տեսնում ենք, որ հիվանդացության և վերարտադրողականության տոկոսի առումով նվազում ունենք: Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում: Մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները դեռ ոչ մի վայրկյան ազատ չեն մնում, և մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին: Կարող եմ ասել, որ մահճակալային ֆոնդն արդեն 3100-ից անց է՝ 3120-ին մոտ է: Մենք հընթացս, ըստ ձեր հանձնարարականի, նաև անում ենք աշխատանքներ՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու, և ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք COVID պացիենտներին: Իրականացնում ենք աշխատանքներ թթվածնային ապահովման անխափան մատակարարումն ապահովելու համար, և այս պահին, կարծես թե, այդ աշխատանքները հստակ իրականացվում են, և մեր բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են թթվածնով՝ չնայած, որ սպառումը գերռեսուրսներով է իրականացվում»:

Ըստ նախարարի՝ այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 852 355 պատվաստում. «Առաջին դեղաչափն ստացել է 588 562 քաղաքացի, սա 29.4 տոկոսն է: Երկրորդ դեղաչափն ստացել է 263 793 քաղաքացի կամ մեծահասակ բնակչության 13 տոկոսը: Մոդերնա պատվաստանյութը ստանալուց հետո, փոփոխություն ենք իրականացրել հրամանի մեջ. 12 տարեկանից բարձր երեխաները ևս այս պահին հնարավորություն ունեն ստանալու պատվաստում: Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Կարող եմ ասել, որ կա նաև հետաքրքրություն երեխաներին պատվաստելու առումով. 12 տարեկանից բարձր արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել:

Պիտի նորից ընդգծեմ, որ մեր հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստում ստացած քաղաքացիների թիվը շարունակում է մնալ շատ փոքրաթիվ, ինչը, իհարկե, ուրախալի է և ցույց է տալիս, որ պատվաստումներն արդյունավետ են և իրենց գլխավոր դերը կատարում են: Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված»:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշումն արդեն կայացված է և բոլոր, այդ թվում՝ բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է: «Բայց մենք պետք է մեր քաղաքացիներին շարունակ այդ ուղերձը տանք՝ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա, սիրելի հայրենակիցներ: Այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է: Տեսականորեն, արդեն այն իրավիճակում ենք, որ տանը սպասող մարդիկ կան: Դա նշանակում է, որ մեր հիվանդանոցներում տեղ չկա այլևս, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում»,— ասել է կառավարության ղեկավարը՝ կրկին ընդգծելով, որ դրանից խուսափելու միակ տարբերակը պատվաստվելն է:

Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հստակեցրել է՝ Հայաստանի Հանրապետությունը լոքդաունի չի գնալու. «Մենք լոքդաունների չենք գնալու: Ես ուզում եմ՝ մենք սա հստակ արձանագրենք: Մենք, այո, պետք է դիմակների կրումը հետևողականորեն պահենք և պետք է պատվաստումներ անենք մեծ ծավալներով: Գործնականում այսօր մեր հզորությունները թույլ են տալիս օրը 25 000 պատվաստում իրականացնել: Բայց օրեր են լինում, որ դրանից քիչ ենք պատվաստում իրականացնում՝ քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով: Եվ էլի ևս մեկ անգամ ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել, մեծահասակներին, հիմա արդեն՝ երեխաներին: Մենք ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար»:

Առողջապահության նախարարն էլ տեղեկացրել է, որ այս շաբաթ օրը Վանաձորում իրականացվելու է պատվաստումային օր. «Հրավիրում ենք Լոռու մարզում ակտիվ մասնակցելու: Գյումրիում անցած կիրակի օրն իրականացված պատվաստումային օրը բավական լայն արձագանք գտավ, և մենք շարունակելու ենք նման միջոցառումներ ևս կազմակերպել: Պատվաստումներն իրականացնելու համար մեր պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում ամեն օր ավելացվում են հզորություններ, սենյակներ: Ուստի՝ և՛ պատվաստանյութերի ապահովվածության առումով, և՛ այլ հզորությունների առումով մենք իսկապես պատրաստ ենք: Մեզ միայն մնում է, որ մեր քաղաքացիներն օր առաջ պատվաստվեն»:

wp-apeth