Շուրջ 20 մլն դրամի վնասը վերականգնվել է

Շուրջ 20 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո՝ մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «N» ՍՊ ընկերության՝ որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019թ. մարտի 15-ի հրամանով ընկերությանը տրամադրված՝ մարզի Օթևան համայնքի վարչական տարածքի 6.8 հա մակերեսով հողատարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի երևակման հատվածում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություն, հայտնում են ՀՀ Դատախազությունից:

«Քննությամբ պարզվել, որ վերջինս խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր և ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Մասնավորապես՝ նշված պայմանագրով և դրան կից 2019թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամանակացույցով թույլատրված 300 մ3 ծավալով փորձնական հանույթի աշխատանքների փոխարեն տեղամասում և տեղամասի սահմաններից դուրս գտնվող տարածքում քանդել և տեղահանել է լեռնային զանգված, մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը չի կատարել շահագործված տարածքի հողերի ռեկուլտիվացիա՝ լանդշաֆտի վերականգնման նպատակով շահագործված տարածքը չի ծածկել հողաշերտով, որի արդյունքում դեգրադացվել է գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտավայր, և պետությանը պատճառվել է ընդհանուրը 19.594.291 ՀՀ դրամի չափով վնաս:

Քրեական գործով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում հանքի ապօրինի շահագործման, ընդերքօգտագործման թույլտվություն ստացած և պայմանագրային պարտավորությունների, օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացված գործունեությամբ հողերի դեգրադացման հանգամանքները լիարժեք պարզելու, դրանց համար պատասխանատու անձանց արարքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth