Բացահայտեել են սպանությունը՝ դեպքից ավելի քան մեկ ամիս անց
Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում բնակվող 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 13-ին եղբայրը՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Ոստիկանության ծառայողների որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
«Նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել՝ սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Տավուշի ու Իջևանի բաժինների, ինչպես և Տավուշի մարզային քննչական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին դեպքից ավելի քան մեկ ամիս անց։ Նոյեմբերի 19-ին հայտնաբերված ու բաժին բերման ենթարկված 39-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ ինքն է սպանել Խաչատուր Սուլյանին՝ քարով ու փայտով խփելով գլխին։ 39-ամյա տղամարդը, որը Այգեձորի բնակիչ է, ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: