Վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է պատվաստված

Վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է պատվաստված

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնովիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ այդ առումով կայունացում է նկատվում: «Գիտեք, որ, բարեբախտաբար, մենք թվերի էական և լուրջ անկում ունենք: Հիմա Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին: Եվ ինչո՞ւ, ինչպե՞ս պատահեց, որ թվերը սկսեցին նվազել: Իմ դիտարկումը միանշանակ է՝ նախ դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց: Բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ լիարժեք պատվաստումների 350 000-ի շեմը մոտավոր հաշվարկներով հատելն արդեն ամենօրյա թվերի վրա ազդեցություն կունենա: Լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400 000-ի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ մեր զգոնությունը պիտի չթուլացնի, որովհետև վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում»,-ասել է վարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում համավարակի ցուցանիշի թվի նվազման միտումը պահպանելու ուղղությամբ, որին առաջին հերթին նպաստում են պատվաստումները: «Երեկվա դրությամբ գրանցվել է 592 դրական դեպք: Ընդհանուր առմամբ՝ թեստավորվել է 7666 քաղաքացի: Ցավոք, մահացել է 40 քաղաքացի: Մենք գիտենք, որ մահվան թվերը նվազում են ալիքի նվազումից երկու-երեք շաբաթ հետո, որովհետև դեռ կան ծանր ընթացքով պացիենտներ: Իրականացվել է, ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ պատվաստում՝ 1168501 պատվաստում, և ինչպես նշեցիք, հիշատակման արժանի բարդության որևէ դեպք չի գրանցվել: Մենք հստակ մոնիթորինգ ենք իրականացնում: Արձանագրում ենք անգամ, երբ քաղաքացիները դիմում են ջերմության և այլ դեպքերով, որը նորմալ է, դա նշանակում է, որ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են և դա օրգանիզմի շատ նորմալ ռեակցիա է: Առաջին դեղաչափ արդեն ստացել է 761820 քաղաքացի, ինչը կազմում է մեր մեծահասակ բնակչության 31.8 տոկոսը: Եվ երկրորդ դեղաչափն արդեն հատել ենք 406681-ը, այդքան քաղաքացի ստացել է ամբողջական երկու դեղաչափով պատվաստում: Արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց առաջին պատվաստման երկու դեղաչափը ստանալու վեց ամիսն արդեն լրացել է: Մշակվել է և մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ այդ վերապատվաստումը: Մենք միանշանակ հետևում ենք ինչպես ԱՀԿ-ի կողմից մշակված ռեկոմենդացիաներին՝ առաջնորդվելով նաև մեր երկրում առկա պատվաստանյութերի և՛ տեսականիով, և՛ քանակներով: Պետք է նշեմ, որ այս առումով մենք լրիվ ապահովված ենք, և մեր քաղաքացիները կարող են իրնեց ընտրությամբ, իրենց ցանկությամբ ստանալ այն պատվաստանյութը, որը կուզեն:

Երկրորդ ամբողջական դեղաչափ ստացած բնակչության 20 տոկոս ունենք: Նշեմ նաև, որ 17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաաղքացիների թիվն ընդամենը 1269-ն է, այսինքն՝ ընդամենը 3.6 տոկոսն է վարակվածների շրջանակում, որ պատվաստված է, բայց վարակվել է, ինչը նաև ցույց է տալիս, որ և՛ վարակելիության առումով են պատվաստանյութերը մեզ ապահովում պաշտպանվածությամբ, և՛ արդյունավետ են: Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից ընդամենը 114-ն է, որ պատվաստված է: Սա ևս շատ լավ ցուցանիշ է: Եվ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, իսկ այն քաղաքացիները, ովքեր չունեն որևէ խրոնիկ հիվանդություն, երիտասարդ են, ցավոք, շատ ծանր ընթացքով են տանում հիվանդությունը:

Ե՛վ Հայաստանի վիճակագրական տվյալները, և՛ համաշխարհային վիճակագրական տվյալներն արդեն իսկ ապացուցված կերպով մեզ ներկայացնում են դրական դինամիկա պատվաստումների արդյունքում հիվանդացության և մահվան դեպքերի նվազման առումով»,- ասել է նախարարը:

Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք փարատվել են վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութերի ազդեցության հետ կապված մտահոգությունները: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ դրանք ապատեղեկատվական, մանիպուլյատիվ բամբասանքներ են. «Օրինակ, Մեծ Բրիտանիայում իրականացված մեծաթիվ վիճակագրական տվյալների հիմքով հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա: Հակառակը՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, սա ևս գիտական փաստված հոդվածներում հրապարակված տեղեկատվություն է, որ COVID-19 հիվանդությունը, վարակը և դրա ընթացքը կարող է ուղիղ կապ ունենալ մարդու, ընդհանուր առմամբ, առողջական վիճակի վրա, այդ թվում՝ նաև վերարտադրողական առողջության վրա: Այսինքն՝ ճիշտ հակառակ փաստված իրականությունը մենք ունենք»:

Վարչապետն անդրադարձել է նաև Վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության COVID-ի մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակած տվյալների տարբերությանը և նշել, որ նշանակվել է քննություն այն պարզելու համար:

wp-apeth