Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Զագրեբում ընթացող առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովի նկատմամբ:

Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության էր հասել վրացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում 7:4 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կազմում մեդալ նվաճելուն մոտ էր նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, որը, սակայն, բրոնզե մեդալի համար պայքարում 9:5 հաշվով պարտություն է կրել: Այդ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, որը ներկայացնում է Բուլղարիան:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցում էր Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին 4-րդն է Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ երկու ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում: ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էին Արսեն Հարությունյանն (61 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

wp-apeth