Կայացել է Բլինքենի, Միրզոյանի և Բայրամովի եռակողմ հանդիպումը
Մայիսի 4-ին Արլինգթոնում (ԱՄՆ) կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը՝ եզրափակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է փակման լիագումար նիստ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:
Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։
Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։