Արթիկցին «Շիրակից». Ռուդիկ Մկրտչյանը՝ իտալական տխուր վոյաժի, Բիչախչյանի հումորի մասին
Երկրորդ մրցաշրջանն է, ինչ Ռուդիկ Մկրտչյանը կանոնավոր կերպով մրցելույթներ է ունենում Գյումրու «Շիրակի» կազմում: Ծնունդով արթիկցի ֆուտբոլիստը կարճ ժամանակում կարողացավ ամրապնդվել թիմում՝ այդ ընթացքում իր ցուցադրած խաղով արժանանալով Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչների ուշադրությանը: Նա դարձավ արթիկցի առաջին խաղացողը, որը երիտասարդականը դուրս բերեց խաղադաշտ ավագի թևկապով, ինչպես նաև առաջին արթիկցի խաղացողն է, որը գոլ է խփել երիտասարդական հավաքականի կազմում: Մեզ հետ զրույցում (hingshabti.am) կիսապաշտպանը խոսել է իր անցած ճանապարհի, երազանքների, հայ ու իսպանացի մարզիչների միջև եղած տարբերության, սիրելի Իտալիայի, որը նրա մեջ առայժմ դառը հիշողություններ է արթնացնում, Արթիկի ֆուտբոլի ու նրա խնդիրների, ապագայի ու այլ թեմաների մասին:
- Վնասվածք ունեիր, ի՞նչ վիճակում ես հիմա:
- Արդեն սկսել եմ վազել, ցավեր չունեմ: Մկանային խնդիր էր: Օրեցօր ավելացնում եմ՝ մեծացնելով ծանրաբեռնվածությունը:
- Գյումրիո՞ւմ ես բուժվել, կա՞ն անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
- Այո, շատ դեպքերում բուժումը տեղում է կազմակերպվում: Օրինակ Գյումրու բժշկական կենտրոնում բանիմաց շատ մասնագետներ կան, սարքավորումների պակաս էլ կարծես չկա:
- Ծախսերն ակու՞մբն է հոգում:
- Այո, որևէ խնդիր չունենք: Մեր ակումբը փակում է բոլոր ծախսերը:
- Վնասվածքներ հաճա՞խ ես ստանում:
- Կարելի է ասել՝ ոչ: Նախանցած տարի Թուրքիայում ոտնաթաթի վնասվածք ստացա, շատ ծանր չէր: Փառք Աստծո, շատ ծանր վնասվածքներ չեմ ստացել:
- Վախենո՞ւմ ես վնասվածք ստանալուց:
- Եթե այդպես նայենք, ապա կարող ես հանգիստ քայլելուց էլ վնասվածք ստանաս: Եթե ընտրել ես պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու ճանապարհը, ապա վախ չպետք է ունենաս:
- Խաղային դիրքդ հուշում է, որ անընդհատ պետք է լինել պայքարի բովում:
- Այո, բայց դրա վրա շատ չեմ կենտրոնանում:
- Չես խուսափո՞ւմ բախումներից:
- Անկախ ամեն ինչից պետք է խուսափել բախումներից, բայց ֆուտբոլում առանց դրա հնարավոր չէ: Եթե պետք է գնալ մինչև վերջ, ուրեմն պետք է գնալ:
- Կոպիտ խաղի կողմնակի՞ց ես:
- Ավելի շուտ ճիշտ խաղի: Պետք է գիտակցել, որ քո դեմ քեզ նման ֆուտբոլիստ է խաղում: Սիրում եմ միշտ լինել պայքարի մեջ՝ չվնասելու պայմանով:
- Նախանցած տարվանից սկսեցիր ընդգրկվել «Շիրակի» գլխավոր թիմի կազմում: Ակնհայտ երևում էր, որ լարվում ես խաղադաշտում: Հիմա կարծես դա չկա, բեկումնային պահը ո՞րն էր:
- Այո, սկզբում լարվածություն կար, հետո խաղից խաղ այդ ամեն ինչն անցավ: Բեկմունային պահ որպես այդպիսին, կարծում եմ, չի եղել: Մարզիչները վստահեցին, սկսեցի խաղալ ու ամեն անգամ փորձում եմ ապացուցել, որ չեն սխալվել ու չեն սխալվում:
- Երկա՞ր ես սպասել այս օրվան:
- Այո, շատ երկար սպասել եմ, դեռ մանկուց: Տեղի երեխաների երազանքն է խաղալ մարզի գլխավոր թիմում: Այստեղ ում ուզում եք հարցրեք, կասեն, որ ցանկանում են խաղալ «Շիրակում»:
- Դժվար չէ՞ր, հատկապես այն առումով, որ Արթիկից ես տեղափոխվել Գյումրի:
- Ինձ համար, կարծում եմ, շատ բան լավ դասավորվեց: Սկզբում սկսեցի խաղալ 98-երի պատանեկան թիմում, հետո «Շիրակի» երկրորդ թիմում, հիմա արդեն գլխավոր թիմում եմ: Ընթացքում շատ ընկերներ ձեռք բերեցի, նրանք ինձ շատ օգնեցին: Հիմա կարող եմ ասել, ինձ զգում եմ ինչպես լեննականցի:
- Զգալ ինչպես լեննականցի` ո՞րն է:
- Բառերով դժվար է բացատրել, պետք է զգալ: Ճիշտ է, սկզբում մտածում ես, որ շատ տարբերություն կարող է լինել գյումրեցու ու արթիկացու միջև, բայց ընթացքում հասկանում ես, որ դա այնքան էլ այդպես չէ: Թերևս բարբառի պահով կարող եմ մի երկու բան ասել ու, երևի, վերջ:
- Ապա, ապա…
- Դե օրինակ լեննականցիներն ասում են «մաղսուզ» բառը: Արթիկում, որ ասես՝ չեն հասկանա: Մեզ մոտ դրա փոխարեն ասում ենք «ինադու»:
- «Մաղսուզ» բաներ շա՞տ ես արել, կամ անում:
- Ոչ, չեմ սիրում «ինադու» բաներ անել:
- Իսկ եթե շա՞տ է պետք: Ավելին, պետք է գնալ նման քայլի՝ հանուն թիմի:
- Թիմին օգնելու համար պաստրատ եմ: Այդ առումով շատ բանի եմ պատրաստ:
- Սադրանքի կգնա՞ս՝ խախտելով «արդար խաղի» կանոնը:
- Այսպես կասեմ: Եթե թիմի շահերի համար է, ապա երբեմն կարելի է, բայց առանց չափն անցնելու՝ խուսափելով տհաճ հետևանքներից: Եթե այդքանը կարող ես անել, ուրեմն հալալ է:
- Բայց ֆուտբոլը խաբելու խաղ է, պետք է խաբես, որ հաղթես: Առանց դրա չի լինում, այդպես չէ՞:
- Այո, կարելի է երբեմն այդպես անել: Ի վերջո, սա ֆուտբոլ է ու բոլորն են անում: Օրինակ՝ փորձում են չեղած տեղը տուգանային վաստակել և այլն: Սրանով է նաև մեր սիրելի խաղը հետաքրքիր ու դիտարժան: Թող լինի, բայց կրկնում եմ չափի մեջ: Կեղտոտ բաների կողմնակից չեմ:
- Մրցակցին սադրելու կամ նման առաջադրանքներ ստանո՞ւմ եք հանդերձարանում:
- Ամեն խաղից առաջ մարզիչներն ասում են մեզ մրցակցի ուժեղ ու թույլ կողմերի մասին, սակայն նման բաների վրա չպետք է շատ կենտրոնանալ: Կարծում եմ՝ բավական կլինի, եթե ֆուտբոլիստը խաղադաշտում կատարի իր մարզչի տված հրահանգներն ու կոնկրետ առադրանքները: Ամեն դեպքում, շատ բան կախված է խաղի ընթացքից: Հաճախ ամեն ինչ չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել ես: Պետք է ավելի շատ սեփական խաղի վրա կենտրոնանալ:
- Քեզանից առաջ «Շիրակի» գլխավոր թիմում արթիկցի ֆուտբոլիստ եղե՞լ է:
- Եթե չեմ սխալվում գլխավոր թիմում չի եղել: Երկրորդ թիմում եղել են, գիտեմ: Հիմա ինձ հետ «Շիրակի» գլխավոր թիմը ներկայացնում է դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանը, որը նույնպես Արթիկ քաղաքից է:
- Հայաստանի երիտասարդականում հաստատ քեզանից առաջ արթիկցի խաղացող չի եղել:
- Մինչև 19 տարեկանների հավաքականում կան, իսկ երիտասարդակում, այո, չի եղել:
- Առաջին արթիկցի խաղացողն ես, որը երիտասարդական ընտրանուն խաղադաշտ է դուրս բերել ավագի թևկապով:
- Շատ մեծ նշանակություն չեմ տալիս: Դա այդքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ հնարավորություն ունես կրել քո երկրի հավաքականի մարզաշապիկն ու դուրս գալ խաղադաշտ:
- Ինչպե՞ս ստացվեց, որ քեզ ընտրեցին որպես ավագ:
- Հավաքի մեջ էինք: Մարզիչ Անտոնիո Ֆլորեսն ասաց որ մեկ ավագ ունենալը քիչ է, պետք է լինեն երեքը: Նա ինձ, Արթուր Նադիրյանին, Հովհաննես Նազարյանին կանչեց իր մոտ ու հայտնեց իր որոշման մասին:
- Ինչո՞ւ հենց ձեզ:
- Ասաց, որ նկատել է, թե ինչպես ենք մենք մեզ պահում հանդերձարանում, շփվող ենք, ակտիվ: Այդ պահին մեզ է տեսնում այդ դերում: Ասաց, որ վստահում է մեզ:
- Ի՞նչ փոխվեց դրանից հետո:
- Պատասխանատվությունն է մեծանում: Վստահության նման չափաբաժինը պարզապես իրավունք չունես գետնով տալ: Կաշվիցդ դուրս գալով՝ պետք է արդարացնես ոչ միայն մարզիչների, այլ նաև թիմակիցների, ողջ անձնակազմի և իհարկե երկրպագուների սպասելիքները:
- Նաև առաջին արթիկցի խաղացողն ես, որը գոլ է խփել երիտասարդականի կազմում:
- Մեծ հպարտություն է ինձ համար: Շատ կուզենամ իմ օրինակը վարակիչ լինի համաքաղաքացիներիս համար: Ուզում եմ, որ ապագայում շատերը խաղան, խփեն ու հաղթեն: Արթիկը ֆուտբոլային քաղաք է, ամենաչնչին հաջողությունից այստեղ շատ են ուրախանում:
- Ինչ-որ հատուկ վերաբերմունք զգու՞մ ես հարազատ քաղաքում:
- Հայրս ժամանակին շատ լավ ծանրորդ է եղել, Հայաստանի բազմակի չեմպիոն է: Գիտեն, որ կամ, ֆուտբոլիստ եմ, բայց ինձ հիմա ավելի շատ ճանաչում են որպես Սեյրանի որդի: Առաջինը նրան են ճանաչում, հետո նոր ինձ: Դեռ այնքան անուն չեմ հանել, որ հորս անցնեմ:
- Կուզենա՞ս անցնես:
- Այո (ծիծաղում է):
- Ծնողներդ կո՞ղմ են եղել, թե՞ դեմ, որ ֆուտբոլիստ դառնաս:
- Կողմ են եղել: Չորս տարեկանից հայրս է ինձ ձեռքս բռնած տարել մարզումների: Մեր տունը մոտ է Արթիկի քաղաքային մարզադաշտին: Ուզում էր ֆուտբոլիստ դառնամ: Հորս հորեղբայրը հաճախ է մեզ հյուր գալիս Ռուսաստանից: Սկզբում նա է հուշել հորս: Հայրս պատմում է, որ հերթական այցելության ժամանակ նրա հորեղբայրը խնդրել է ինձ տանն եղած փուչիկով «չլոցի խաղալ»: Ինչ-որ բան, երևի, ստացվել է ինձ մոտ: Դրանից հետո հորդորել է հորս, որ ինձ անպայման ֆուտբոլի տանեն ու այդպես էլ եղել է:
- Հարցրե՞լ ես հայրիկիդ, թե ինչո՞ւ քեզ ծանրամարտի չի տարել:
- Այո, հարցրել եմ: Նա շատ է սիրել ֆուտբոլը և ուզեցել է, որ ֆուտբոլ խաղամ: Հիմա ծանրամարտի մարզիչ է: Այդ տարիներին դեռ չի աշխատել որպես մարզիչ և գուցե նաև դա է եղել պատճառը: Ծնողներս դեմ չեն եղել, որ ես ֆուտբոլիստ դառնամ ու հիմա էլ պարտադիր գալիս են, երկրպագում են:
- Դժվար չէ՞ր, հատկապես հաշվի առնելով մարզումային անմխիթար պայմանները:
- Մեզ համար այդ ժամանակ լավ էր: Մեր մարզադաշտից լավը չկար: Ճիշտ է, որակյալ մարզադաշտեր տեսնելուց հետո հասկանում ես, որ դա այնքան էլ այդպես չէ, բայց ինչ արած: Ասեմ, որ Արթիկում իմ տարիքայինների պատանեկան թիմ չկար ու խաղացել եմ ավելի բարձր տարիքային խմբերում: Սկզբում 95-երի, հետո 96-ների, 97-ների, բայց գալիս է մի շրջան, երբ պետք է առաջ քայլ կատարես:
- Հիմա ի՞նչ վիճակում է ֆուտբոլն Արթիկում:
- Ինչպես նայում եմ, ամեն ինչ գրեթե նույնն է: Կարծում եմ՝ ֆուտբոլ խաղալու համար շատ բան պետք չէ. գնդակ, տարածք ու դարպասներ: Ասեմ, որ Քաղաքային մարզադաշտին կից ֆեդերացիան փոքր խաղադաշտ է կառուցել արհեստական խոտածածկով:
- Դա ինչ-որ հարց լուծո՞ւմ է:
- Որոշ հարցեր այո, բայց շատ չէ: Լավ կլինի, որ Քաղաքային մարզադաշտը կառուցվի: Հուսով եմ՝ մոտ ապագայում դա տեղի կունենա: Երեխաների համար առաջին հերթին լավ կլինի:
- Առաջնությունը դեռ չվերսկսված դադարեցվեց: Ինչպե՞ս անցավ կարանտինը:
- Աշխարհն էր նույն վիճակում: Անհատական ծրագրով էինք մարզվում, փորձեցինք այդպես պահել մեր մարզավիճակը: Սպասում էինք անհամբեր, ուզում էինք արագ անցնի, որ վերադառնանք բնականոն կյանքին: Ճիշտ է, վիրուսն իր սև գործը դեռ անում է, բայց մյուս կողմից կյանքը շարունակվում է: Դժվարություն է, որը պարտավոր ենք հաղթահարել:
- Չե՞ս վախենում վարակվելուց:
- Ոչ, իհարկե, առավել ևս որ անընդհատ թեստավորվում ենք՝ պահպանելով անվտանգության մնացած բոլոր կանոնները:
- Ի՞նչ վիճակում եք հիմա:
- Բավականին լավ վիճակի ենք հասել: Երրորդ տեղում ենք: Առջևում «Ալաշկերտի» հետ կարևոր խաղն է: Պետք է հաղթել ու անցնել նրանց մրցաշարային աղյուսակում: Խաղից խաղ առաջ ենք շարժվում:
- «Արարատ-Արմենիային» գոլ խփեցիր գլխի հարվածով: Հավատա, ոչ բոլորն էին սպասում:
- Չգիտեմ ով ինչպես, բայց ես միշտ եմ սպասում և ուզում գոլ խփել՝ օգնելով իմ թիմին: Խաղակցված էր: Այդ ստանդարտի ժամանակ պետք է գտնվեի այնտեղ, որտեղից էլ կատարեցի հարվածը: Մոտակա անկյան մոտ պետք է խաղայի՝ որպես առաջին խաղացող: Ափսոսում եմ, որ չհաղթեցինք:
- Իսպանացիների ու հայ մարզիչների միջև մե՞ծ է տարբերությունը:
- Չէի ասի, որ տարբերություն շատ կա: Գրեթե նույն գրաֆիկով ենք աշխատում: Նրանք էլ, Վարդան Բիչախչյանն էլ գրեթե նույն պահանջներն ունեն մեզանից: Ուզում են, որ արագ մտածենք ու ազատվենք գնդակից, ավելի արդյունավետ լինենք:
- Իսպաներենը մե՞ծ խոչընդոտ է խաղացողների հետ շփվելիս, մարզումների ժամանակ:
- Չէ, ունենք թագմանիչներ: Մեկի տեղը մի քանի հոգի է աշխատում հավաքականում: Բացի այդ, ֆուտբոլային լեզու կա: Խնդիր չէ:
- Իսպանացինե՞րն են ավելի հումորով, թե ՞Վարդան Բիչախչյանը:
- Նրանք էլ են կատակասեր, շատ էմոցիոնալ են: Երևի Բիչախչայնի հումորը, որովհետև լեզուն ավելի լավ ենք հասկանում:
- Բիչախչյանի վերջին հումորներից, ո՞րը կարող ես պատմել:
- Շատ հեռուն գնալ պետք չէ: «Արարատ-Արմենիային» գոլ խփելուց մեկ օր անց ինձ հարցրեց. «Չանվանափոխեցի՞ն…»: Փորձեցի ճշտել, թե ինչը, պատասխանեց. «Արթիկում փողոցներից մեկի անունը քո անունով»: Ծիծաղեցինք լավ:
- Խաղացողներից ամենակատակասերն ո՞վ է:
- Հրայր Մկոյանը: Լավ հումոր ունի:
- Ապագայում քեզ որտե՞ղ ես տեսնում:
- Ներկա պահին ուշք ու միտքս «Շիրակն» է: Ընդհանրապես ուզում եմ ապագայում բարձրակարգ առաջնությունում խաղալ: Երազանք է դա:
- Ենթադրենք դուրս գնալու հնարավորություն չկա: Բացի «Շիրակից» հայկական որևէ թիմում քեզ տեսնո՞ւմ ես:
- Ոչ, չեմ էլ ուզում մտածել այդ մասին: Երևի «Շիրակ» ակումբ չպետք է լինի, բայց վստահ եմ նման բան չի կարող լինել:
- Կուզենա՞ս Արթիկն իր պրոֆեսիոնալ թիմն ունենա:
- Դա երազանքների երազանքն է կարելի է ասել: Գիտեք ինչքան տաղանդավոր երեխաներ կան: 25-26 տարեկան տղաներ էլ հիմա կան, որոնք կարող են առնվազն Առաջին լիգայում խաղալ:
- Ֆուտբոլ հաճա՞խ ես դիտո՞ւմ:
- Այո: Հայաստանի առաջնության խաղերը բաց չեմ թողնում: Լա Լիգան է արդեն վերսկսվել:
- Ո՞ր առաջնություններն ես ավելի նախընտրում:
- Պրեմիեր լիգա, Լա Լիգա և Սերիա «A»:
- Իտալական ֆուտբոլում ի՞նչն է քեզ գրավում:
- Երևի դա նրանից է, որ իտալական թիմերի շատ եմ սիրել: Ինձ վրա մեծ ազդեցություն թողեց նաև այն, թե ինչ տեսա ես մի քանի օրերի ընթացքում, երբ հավաքականով այնտեղ էինք: Չորս օր մնացինք ու ես ականտես եղա, թե ինչպես են իտալացիները սիրում ու ապրում ֆուտբոլով: Պատրաստ են իրենց կյանքը տալ: Հիշում եք, հավանաբար, որ Իտալիայի հետ խաղից առաջ Պալերմոյում եղանակը շատ վատն էր ու հնարավոր է խաղը չկայանար: Մի քանի ժամ ստիպված եղանք սպասել: Այդքան ժամանակ երկրպագուները կանգնած էին հորդառատ անձրևի տակ ու բղավում էին, որ խաղը կայանա: 3000-4000 երկրպագու կար, չէին գնում տուն: Շատ սիրեցի Իտալիան:
- Մեզ համար լավ կլիներ, որ չկայանար այդ հանդիպումը:
- Հասկանում եմ՝ ինչի մասին է խոսքը: Այո, շատ ցավոտ է, բայց կարծում եմ՝ եթե այդքան չսպասեինք, գուցե այդպես չլիներ: Այդ ընթացքում մրցավարները գալիս ասում էին, որ 99 տոկսով չենք խաղալու, բայց հետո որոշվեց, որ պետք է խաղանք: Կենտրոնացվածությունը նման դեպքերում դժվար է պահել: Այդպես չպետք է լիներ: Ունեինք պահեր:
- Հատկապես քո պահը:
- Այո, ափսոս: Մինչ այդ, իմ փոխանցումից հետո Վահանն էլ պահ ուներ: Եթե մտներ, այլ կերպ կընթանար: Ինչ վերաբերում է իմ պահին, ապա մրցակիցը թիկունքից խանգարում էր ու թույլ չտվեց, որ ինչպես հարկն հարվածեմ: Երեք մետր էր, պետք է խփեի, ոտքերով հանեց:
- Ազգայինի կրած պարտությունը նույնպե՞ս իր ազդեցությունը թողեց, ի՞նչ ես կարծում:
- Դիտել էինք խաղը, ցավալի էր անշուշտ, բայց տղաներով մեր մեջ ասացինք, որ կոտրվել է ազգը և ամեն ինչ պետք է անենք, որ ինչ-որ կերպ շտկենք իրավիճակը: Չգիտեմ, չափից մեծ ցանկությունից էր, թե ինչ՝ չստացվեց: Բոլորիս դուխը տեղն էր, բայց թե ինչը խանգարեց, դժվար է ասել: Դաշտի որակն էլ մի կողմից:
- Այդ առումով իտալացիները նույն պայմաններում էին:
- Այո, համաձայն եմ: Ամեն դեպքում, կարծում եմ, որ երեք ժամ սպասելն իր հետքը թողեց:
- Ի՞նչ էր կատարվում հանդերձարանում:
- Աղետ էր: Չեմ էլ ուզում հիշել: Ամեն մեկը մտածում էր՝ չպետք է լիներ այդպես:
- Մարզիչներն ինչ-որ բառեր գտա՞ն ձեզ ասելու:
- Բոլորը նույն վիճակում էին, պարզապես ասացին, որ նման բան այլևս չպետք է տեղի ունենա:
- Եթե հրավեր լինի ազգային հավաքականից, պատրա՞ստ ես խաղալու:
- Այո, պատրաստ եմ միանաշանակ: Ես վստահ եմ իմ ուժերին: Ամեն ինչ կանեմ իմ ազգի պատիվը բարձր պահելու համար: Հավաքականում խաղալը դա յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի երազանքն է:
- Քո օրինակով կարելի՞ է պնդել, որ ճիշտ է երիտասարդներին տեղ տալը:
- Նոր մարզիչ ունենք, գիտենք ինչ փորձ ունի, ինչ թիմեր է մարզել: Վստահ եմ՝ ինքն իր գործը գիտե: Ճիշտ է, ազգային հավաքականում հիմա շատ փորձառու տղաներ արդեն երեսունն անց են, բայց մարզիչն է որոշելու: Կարծում եմ՝ երիտասարդականում կան տղաներ, որոնք կարող են խաղալ ազգային հավաքականում: Օրինակ՝ Վահան Բիչախչյանը:
- Վահանի հետ նույն թիմում եք խաղացել:
- Այո, խաղացել ենք, լավ ընկերներ ենք: Շուտով նրա թիմը խաղալու է: Անպայման դիտելու եմ հանդիպումը: Տա Աստված, այլևս վնասվածք չստանա: Շատ շնորհալի ու տաղանդավոր խաղացող է: Վստահ եմ՝ ապագայում մեծ օգուտ է տալու Հայաստանի հավաքականին:
Հաբեթ Հարությունյան