Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը

Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը

Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող երեկ մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։

Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտում է կատարվածը։ Այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները։

wp-apeth