Ստացվել է ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ-հաղորդում
2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը, հայտնում են ՀՀ դատախազության լրատվական բաժնից:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ 3 հրապարակում, ֆիզիկական անձի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 17 դիմում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 19 գրառում:
Նշվածներից 19-ով, որոնցում ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ առկա տվյալները եղել են վերացական և ընդհանուր բնույթի, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Դրանցից 6-ի արդյունքում ստացված տվյալները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական աշխատանքները շարունակվում են:
5 դեպքով, նկատի ունենալով, որ տվյալներն ի սկզբանե եղել են առարկայական, կամ, ելնելով կատարված ստուգողական աշխատանքների արդյունքներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, որոնք ընթացքի մեջ են:
Ստացված և ուսումնասիրված առերևույթ հանցավոր իրավախախտումների մասին վերոնշյալ ահազանգերից 19-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ կետ):
Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզի, 1-ական՝ Երևան քաղաքի, Կոտայքի, Լոռու մարզերի դատախազությունների կողմից:
ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 15 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՀՀ գլխավոր դատախազությունը կշարունակի կայուն պարբերականությամբ հանրությանն իրազեկել աշխատանքային խմբի գործունեության արդյունքների, իրավապահ մարմիններին ներկայացվող տեղեկություններում, ահազանգերում, հաղորդումներում ներկայացվող տվյալների ստուգման, հարուցվող քրեական վարույթների շրջանակում իրականացվող քննությունների ընթացքի մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 — 999 հեռախոսահամարի ներքո: