Վարդավառ. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել

Վարդավառ. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել

Հուլիսի 11-ին Հայաստանում նշվում էր Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Ինչպես սպասվում էր՝ հովեկների մեծ հոսք եղավ դեպի Սևանա լիճ ու հարակից բնակավայրեր։ Ոստիկանությունն անցել էր ուժեղացված ծառայության։ Գլխավոր նպատակը անվտանգ հանգիստ ապահովելն էր, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Ուժեղացված ծառայության մեկնարկը տրվեց վաղ առավոտյան Սևանա թերակղզում։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների, ոստիկանության զորքերի ու ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողներին վերջին հրահանգավորումները ներկայացրեց մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը։

Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանները պահպանեցին հասարակական կարգը լողափերում, ճանապարհահատվածներում, տեսարժան վայրերի հարակից տարածքներում։ Լճում հովեկների անվտանգությունն ապահովում էին ջրային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանների ծառայությունը պարբերաբար ստուգվում էր ղեկավարության կողմից։ Օրվա առաջին կեսին մեքենաների մեծ հոսք կար դեպի հանգստյան գոտիներ։ Օրվա երկրորդ կեսին պատկերը հակառակն էր։

Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հանրապետության բոլոր մարզերում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Ուժերը հիմնականում կենտրոնացված էին Կոտայքի և Գեղարքունիքի մարզի բանուկ հատվածներում։

Մարզերում ճանապարհային ոստիկանների միջոցառումներով Վարդավառի օրը տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1000 արձանագրություն։ Հայտնաբերվեցին 122 ոչ սթափ վարորդ, որոնցից 33-ը տեղում՝ 1 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքի վկայականից, 32 վարորդ մեքենան վարում էր առանց համապատասխան փաստաթղթերի, 83 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր։ Հայտնաբերված խախտումներից 14-ով նախապատրաստվում են նյութեր՝ նախաքննական մարմին ուղարկելու համար։

Ամփոփելով՝ նշենք, որ նաև ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ Վարդավառի օրը հանգստյան գոտիներում ու հարակից տարածքներում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չունեցավ»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth