Քաջարանի համայնքապետը կմնա կալանքի տակ. դատավորը մերժել է պաշտպանների բողոքը

Քաջարանի համայնքապետը կմնա կալանքի տակ. դատավորը մերժել է պաշտպանների բողոքը

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հուլիսի 27-ին, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Արմեն Դանիելյանի դեպքում, այդ որոշումը մեզ  համար սպասելի էր,  հաշվի առնելով այն, թե ով է նա եւ այն, թե ինչպես մեր բողոքը հայտնվեց իր վարույթում։ Առանց  օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային  մակագրությամբ, դատարանի նախագահը թղթային եղանակով բողոքը մակագրել էր նրան։ Այս դեպքում պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել է Երվանդ Վարոսյանը։

Վերաքննիչի այս որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հարկ եղած դեպքում գանգատ կներկայացնեն  ՄԻԵԴ։

Նշենք, որ նախօրեին, պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, սակայն, այն մերժվել էր;

Հիշեցնենք՝ ավելի վաղ  Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերաքննիչ դատարանի համակարգչի «առգրավումը» տվեց  սպասելի արդյունքը. Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է վաղուց դատավորի երդման մասին մոռացած, օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանին»։

wp-apeth