Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքերի առնչությամբ
Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է հատկացնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում, որտեղ գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը: «Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նկատելով, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են զգալի ներդրում ունենալ այդ տարածքում կայունության պահպանման, խաղաղ կյանքի հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման հարցերում` ներառյալ ռազմագերիների, փախստականների վերադարձը և զոհերի մարմինների փոխանակումը:
«Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության կառուցմանը, շարունակում ենք աշխատել տարածաշրջան ՀԱՊԿ առաքելության, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասանելիությունն ապահովելու ուղղությամբ:
Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընդունում սահմանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած դրսևորում, ինչը ծայրահեղ բացասական է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում երկու երկրների բնակչության շրջանում չարդարացված կորուստների»,- նշեց Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն հայտնեց Երասխի սահմանային հատվածում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողի ընտանիքին ու հարազատներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթեց սահմանային միջադեպերի հետևանքով տուժածներին:
«Սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Խստորեն անհրաժեշտ է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից, ուժային մեթոդներից, պետք է համակարգային քրտնաջան աշխատանք՝ հանուն երկկողմ ընդունելի փոխզիջումների»,- ասաց Զախարովան՝ նշելով, որ ռուսական կողմը հայկական ու ադրբեջանական կողմերին հենց այս մոտեցմանն է տրամադրում:
«Համոզված ենք, որ կայուն ապաէսկալացիան կարող է ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման անհապաղ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: Պատրաստ ենք այդ ջանքերն ամրապնդել մեզ մոտ եղած քարտեզային տեղեկություններով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխել: Ներկայում այս թեմայով շփումները շարունակվում են պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով»,- ընդգծեց Զախարովան:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առանձին հանդիպումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Զախարովան նշեց, որ տարածաշրջանային իրավիճակի խնդիրները եղել են բանակցությունների առանցքային թեման:
Նա հավելեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում առկա խնդիրների դժվար և մասշտաբային լինելուն, հաստատել են օպտիմալ լուծումներ գտնելու իրենց վճռականությունը և պատրաստակամություն հայտնել հետևողական կերպով կյանքի կոչելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ին Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և կոմունիկացիաների ապաշրջափակման հեռանկարը բացած համաձայնագիրը:
Զախարովան անդրադարձել է աշխատանքային եռակողմ խմբի գործունեությանը՝ հավելելով. «Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում աշխատանքային խումբը կկարողանա վերսկսել նիստերը: Դա հնարավորություն կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք բխում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու ամբողջ Հարավային Կովկասի շահերից»: