Վնասազերծվել է շինարարական աղբի մեջից հայտնաբերված ական
գոստոսի 9-ից 15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 758 դեպք, որից 396-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 283 հրդեհի, 8 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 7 ուժեղ քամու, 7 ուժեղ կարկուտի, 11 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 18 մահ:
Արձանագրվել է թունավորման 4 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց: Ավելի մանրամասն
Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 758 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 283 հրդեհ է գրանցվել (անցած շաբաթ գրանցվել էր 226 հրդեհ)՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 35 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ փրկարարները 175 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում, Արարատում։ Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 21 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 5 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ:
Անցած շաբաթ փրկարարները հրդեհները կանխելու նպատակով հսկվող այրում են կազմակերպել չոր խոտով պատված տարբեր տարածքներում:
Այլ կանչեր․
Ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի շենքերից մեկի մանսարդային հատվածում հրդեհ է բռնկվել։ Տեղում պարզվել է, որ քաղաքացին խորոված է անում, եւ ծուխը թողել է հրդեհի տպավորություն:
Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում՝ շինարարական աղբի մեջ, նկատվել է ական․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը պարզել է, որ զինամթերքը կորոզիայի ենթարկված հակատանկային ական է՝ պայթուցիչով։ Ականը տեղափոխվել է թիվ N զորամաս՝ ոչնչացնելու նպատակով։
Լոռու մարզում գրանցվել են մի շարք պատահարներ։ Սպիտակ քաղաքում տեղացած հորդառատ անձրեւներից ջրալցվել էր չորս տուն։ Հրշեջ-փրկարարները մոտոպոմպի օգնությամբ իրականացրել են ջրահեռացման աշխատանք։
Սարատովկա համայնքի մոտակա ձորում վատացել էր քաղաքացու ինքնազգացողությունը։ Տաշիրի փրկարարները 150 մ խորությամբ ձորից պատգարակով դուրս են բերել քաղաքացուն եւ մոտեցրել շտապօգնության մեքենային։
Երկու ահազանգ է ստացվել Մեծ Պարնի համայնքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու տարածքից։ Ոտքի կոտրվածքով կնոջը Սպիտակի փրկարարները մոտ 500 մ իջեցրել են բարձունքից ու տեղափոխել Սպիտակի բուժկենտրոն։ Ոտքը վնասած մեկ այլ կնոջ ցուցաբերվել է առաջին օգնություն։
Օգոստոսի 14-ին Վարդենիսի տարածաշրջանում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել է Վարդենիս քաղաքին հարակից 500 հա այգի, Լուսակունք համայնքում՝ մոտ 80 հա կարտոֆիլի դաշտ եւ 60 հա բանջարաբոստանային կուլտուրաներ, Ծովակ համայնքում՝ մոտ 10 հա հացահատիկի արտ եւ 200 հա կարտոֆիլի դաշտ, Ակունք համայնքում՝ մոտ 30 հա կարտոֆիլի դաշտ, 12 հա գարու արտ եւ 6 հա տնամերձ ցանքատարածություն։ Փրկարարները հանդիպել են տուժած համայնքների քաղաքացիներին եւ տեղեկությունը փոխանցել Շրջակա միջավայրի նախարարություն։