Տեղի բնակչի վարկով գնած ոչխարներին ադրբեջանցիները հափշտակել են, վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ ՄԻՊ

Տեղի բնակչի վարկով գնած ոչխարներին ադրբեջանցիները հափշտակել են, վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ ՄԻՊ

Տեղ գյուղի բնակչի վարկով գնած 120 եղջերավոր կենդանիներին ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը․ կինը խնդիրը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին:

«Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես էլ չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները։

Չնայած հափշտակված սեփականությունն այլևս չկա, տիկին Բաղդասարյանը վարկային կազմակերպությանը շարունակում է նույն պայմաններով վճարել գումարը և վերջնական մարումների համար դեռ 3 տարի ունի:

Կինն այս պահին անտոկոս վարկ ստանալու հարցում դժվարություններ ունի, քանի որ որդին մեկ ամիս ուշացրել է վճարումը հենց այն ժամանակահատվածում, երբ պատերազմի ժամանակ գտնվել է սահմանին:
Տիկին Բաղդասարյանը Տեղ համայնք իմ այցի ընթացքում տեղեկացրեց, որ հատուցման համար դիմել է ՀՀ Սյունիքի մարզպետարան և 120 ոչխարի համար ստացել է ընդամենը 100.000 ՀՀ դրամ հատուցում: Բայց այս հարցերն այնպիսին են, որ համակարգային լուծում են պահանջում:

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքների պատճառով բազմաթիվ մարդիկ են ընկել այսպիսի պատմությունների մեջ:

Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքից, եկամուտը վաստակելու հնարավորությունից և բախվել են սոցիալական լուրջ խնդիրների: Մենք արձանագրել ենք այս այցի ընթացքում վեր հանված խնդիրները:

Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար:

Մենք, իհարկե, ինչպես սահմանված կարգն է նախատեսում, գրություններ կհասցեագրենք Կառավարություն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը, այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապված դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի»,- գրել է Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում:

wp-apeth