Հայ իրավապաշտպանները պարզել են Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգած ադրբեջանցիների ինքնությունը

Հայ իրավապաշտպանները պարզել են Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգած ադրբեջանցիների ինքնությունը

Հայ իրավապաշտպանները պարզել են, որ 2020 թ. հոկտեմբերի 20-ին Կովսականում (Զանգելան) հայ զինծառայողներին սպանած և նրանց դիերը խոշտանգած ադրբեջանցի պատերազմական հանցագործները, մասնավորապես՝ սահմանապահ ծառայողները, նույն անձինք են, որոնք, ըստ համացանցում տարածված տեսանյութի, 2020 թ. նոյեմբերի 7-ին պարում և ուրախանում էին Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում: «Արմենպրեսի»  հաղորդմամբ՝ այդ մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ իրենց կողմից անգլերենով կազմված արտահերթ զեկույցը ներկայացնելիս:

«Մենք դեմքերով իդենտիֆիկացրել ենք նրանց, զեկույցում կան նրանց նկարները բաց դեմքերով», — հայտարարել է Հայաստանի օմբուդսմենը:

Թաթոյանի խոսքով՝ 2020 թ. հոկտեմբերի 20-ին 61 հայ զինծառայող Կապանից մեկնել էր դեպի Կովսական, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով հայ զինծառայողների մի մասը սպանվել է, մի մասը փրկվել է, իսկ մյուս մասը գերեվարվել և բռնի անհետացել է:

«Այստեղ կարևորն այն է, որ մենք փաստերի իդենտիֆիկացում ենք արել, որոնք նախ և առաջ վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլև մարմինների մասերի նկատմամբ», — ասաց Արման Թաթոյանը՝ մատնանշելով էկրանին ցուցադրված լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի պատերազմական հանցագործները կտրում սպանված հայ զինծառայողների ականջները:

«Սրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներ են: Այս դեպքը տեղի է ունեցել Կովսականում», — հայտնեց Հայաստանի օմբուդսմենը՝ նշելով, որ իրենց կողմից ներկայացված արտահերթ զեկույցում մանրամասներով նկարագրված է նշված գործողություններն իրականացրած ադրբեջանցի սահմանապահ ծառայողների համազգեստը, սպառազինությունը: Ընդ որում, հաջողվել է պարզել նրանցից որոշների ինքնությունը:

«Զեկույցում հատուկ լուսանկարներով ցույց է տրված, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել են: Մեր իդենտիֆիկացումը ապացուցում է, որ դա տեղի է ունեցել, օրինակ, թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը: Իսկ այն, որ նաև սպանված զինծառայողներին քաշել են սպանված կամ կենդանի վիճակում, կապել են մեքենայից, դա ակնհայտ է դառնում, երբ մենք մանրամասն վերլուծում ենք նրանց հագուստների վիճակը, մարմնական վնասվածքները, տեղակայումը և այլն», — նշեց Թաթոյանը:

Մեկ այլ լուսանկարում պատկերված էին ադրբեջանական սահմանապահ ծառայողները Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի դիմաց: Հայ իրավապաշտպանները ուսումնասիրել են նաև նրանց զենքերը: Նշված ադրբեջանցի զինծառայողները զինված են եղել ադրբեջանական արտադրության «Խազրի» ինքնաձիգերով: Իրավապաշտպանները պարզել են, որ նշված ինքնաձիգերով զինված սահմանապահ ծառայողները և Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգած ադրբեջանական զինծառայողները նույն ինքնաձիգերով են զինված եղել:

«Զեկույցում, որը կհրապարակվի, գույներով, իդենտիֆիկացնող առանձնահատկություններով նկարագրված է այս համազգեստը: Սրանք նաև այն զինծառայողներն են, որոնք այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ընկած ճանապարհներին, և նաև նշվում է, որ պետք է տեղակայվեն նաև գյուղերի հարևանությամբ», — հավելել է Արման Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացրել էին անգլերենով կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը: Ասուլիսին մանրամասն անդրադարձ կատարվեց պատերազմական հանցագործությունների հանգամանքներին և այդ հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մեխանիզմներին: Ասուլիսին մասնակցում էին նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

wp-apeth