Նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել շուրջ 950 քաշաթաղցի ընտանիքների
Բնակարանային հասանելիության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3,600 անձ)։
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ մարզային բնակավայրերում 2022 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից Արցախում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող քաշաթաղցիները։ Աջակցությունը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
Ծրագրում ընդգրկվելու համար պարտադիր պայման է`
- վերաբնակեցման գրքույկի ու ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագրի առկայությունը,
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ առնվազն վերջին 3 ամիսներին Քաշաթաղում փաստացի բնակված լինելը, մինչև 2020 թ․ ռազմական գործողությունները՝ Քաշաթաղում սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի առկայությունը,
- դիմելու օրվա դրությամբ՝ ՀՀ-ում և ԱՀ-ում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի բացակայությունը։
Շահառու ընտանիքը (ընտանիքի անդամը) աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ՝ մեկ հիփոթեքային վարկի շրջանակում։ Վերջինս իրավունք կունենա օգտվել աջակցության ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից)։
Նախագծի հաստատման դեպքում՝ աջակցության չափը կկազմի՝
- ՀՀ մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 83,000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 5,85 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 49,000 դրամ,
- ԱՀ-ում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 100,000 դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 8,66 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 67,000 դրամ։
Նախագիծն այս պահին ներկայացվել է հանրային քննարկման՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։