Հայկական կինոարտադրանքը՝ Կաննի միջազգային փառատոնում

Հայկական կինոարտադրանքը՝ Կաննի միջազգային փառատոնում

Հայաստանն առաջին անգամ առցանց տաղավարով մասնակցում է Կաննի կինոշուկային:

Հուլիսի 6-ին մեկնարկել է Կաննի միջազգային 74-րդ կինոփառատոնի Marché du Film կինոշուկան, որի առցանց հարթակում մասնակցում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Marché du Film կինոշուկան ոլորտում աշխարհի ամենահին ու խոշոր հարթակն է, որը զբաղվում է ֆիլմերի առքուվաճառքով և դիստրիբուցիայով: Այն այս տարի աշխատում է հիբրիդային (խառը) եղանակով. մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար։ Կինոշուկան կգործի մինչև հուլիսի 15-ը:

Marche’ du Film կայքում տեղադրված հայկական առցանց էջը (տաղավար) ակտիվ հղմամբ կապված է կինոկենտրոնի կայքին և CINANDO հարթակին։ Այն ունի մի քանի բաժին, այդ թվում՝ 2020-2021 թթ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ «Կատալոգ»՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ: «Հայկական ֆիլմեր» բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև «Հայկական փառատոներ», «Կինոժառանգություն» և «Հայաստանի տեսարժան վայրեր» (լոքեյշններ) բաժինները: Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Marche’ du Film-ի հայկական հարթակը Կաննի կինոշուկայում հավատարմագրված մասնագետներին հայկական կինոարտադրանքին ծանոթանալու, միաժամանակ հետադարձ կապ ու առցանց հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով ֆիլմերի պատասխանատուների հետ անմիջական կապ հաստատելու և հետագա համագործակցությունը զարգացնելու հնարավորություն է ընձեռում:

Նշենք, որ կինոշուկայի համար պատրաստված կատալոգն ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավատարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։

wp-apeth