Դիպլոմներ են շնորհվել
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2020-2021 ուսումանական տարվա շրջանավարտներին ավարտական դիպլոմներն այս տարի հանձնվել են խորհրդանշական վայրում՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Կարեն Թռչունյանը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրանք կզարգացնեն և կօգտագործեն բուհում ստացած գիտելիքները, կդառնան պահանջված մասնագետներ՝ իրենց ներդրումը ունենալով Հայաստանի զարգացման գործում: «Մաղթում եմ մասնագիտական շարունակական հաջողություններ, ձեր ներուժն իրացնելու և երազանքներն իրականացնելու նոր հարթակներ»,-ասել է փոխնախարարը:
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը վստահեցրել է շրջանավարտներին, որ համալսարանը միշտ պատրաստ է լսել և քննարկել երիտասարդների հետաքրքիր գաղափարներն ու ծրագրերը: «Սա ձեր օջախն է, որի դռները միշտ բաց են ձեզ համար»,- հավաստիացրել է նա՝ առանձնակի կարևորելով պրոֆեսորադասախոսական կազմի ներդրումը, քանի որ նրանց ջանքերի արդյունքում են շրջանավարտներն իրենց տեղը գտնում միջազգային ասպարեզում։
Նշենք, որ 2020-2021 ուսումնական տարին համալսարանի համար հոբելյանական է. արդեն մեկ դար է՝ շրջանավարտները քարի ու բետոնի, ճշգրիտ հաշվարկների միջոցով կերտում և հավերժացնում են Հայաստանի պատմությունը: