Շիրակի մարզից 1159 դիմորդից բուհ ընդունվել է 832-ը
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Շիրակի մարզի խորհրդակցությունը տեղի է ունեցել Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ Շիրակի մարզը նախորդ տարի կարողացել է նախ համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում կրթության անընդհատությունն ապահովել։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Շիրակի մարզային ցուցանիշները՝ ընդգծելով, որ Շիրակը բավական լավ արդյունքներ է գրանցել։ 1159 դիմորդից բուհ ընդունվել է 832-ը։ Մեծ տոկոս է կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունված դիմորդների թիվը: Մարզում դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են բժշկական գործ, ֆինանսներ, թարգմանչական գործ, իրավագիտություն մասնագիտությունները:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր մեկնարկող ուսումնական տարվա առթիվ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է կրթական գործընթացում հակահամաճարակային կանոնների պահպանումն ու ուսումնական գործընթացի անխափան կազմակերպումը:
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները՝ կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար: