Սիրողական խճուղային հեծանվավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը

Սիրողական խճուղային հեծանվավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով արդեն հաստատվել են մրցաշարի կանոնակարգը և մասնակցության հայտաձևը:

Մասնակցության պայմանները

  • Հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է բժշկի համապատասխան թույլտվություն։
  • Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարվա ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ և միջազգային առաջնությունների:
  • Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով և սաղավարտներով: Բացառվում է սպորտային-մրցակցական, էլեկտրական կամ մոտորային հեծանիվներով մասնակցությունը:

Մեկնարկը

Մրցաշարը մեկնարկելու է Շորժա համայնքից ժամը 13:00-ից։ Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումից մեկ ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով և բժշկի համապատասխան թույլտվությամբ: Հեծանվավազքը կանցկացվի մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (տարածքը՝ 40 կմ), և երկու տարիքային խմբով`

  • առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ,
  • երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Պահանջվող պայմաններին չհամապատասխանողների մասնակցությունը չի թույլատրվելու:

Նշենք, որ մրցաշարի մասնակիցների անվճար տեղափոխումը կկազմակերպվի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 7:45-ից, «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանից: Վերադարձը Սևանի կայարանից՝ ժամը 19:00-ին:

Պարգևատրում

Հեծանվավազքի արդյունքները կամփոփվեն մրցման ավարտից անմիջապես հետո: 1-ն տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան 1 մլն դրամ, 2-րդ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։ Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով։ Բացի դրանից՝ բոլոր մասնակիցները կստանան մարզաշապիկներ և հավաստագրեր:

Մասնակցության հայտ

Մրցաշարին մասնակցելու համար ներկայացվում է հայտ՝ համաձայն կցված ձևի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ (էլ. հասցե՝ s.prazyan@gmail.com)։ Հարցերի դեպքում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-18:00-ն, զանգահարել (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77 հեռախոսահամարներից որևէ մեկով, մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 85-81-08 հեռախոսահամարով։

wp-apeth