Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 5-րդ օլիմպիադայում Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտ Ծովակ Եգորյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սան Ալեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալի։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ռումինիան, առցանց ձևաչափով անցկացվել է օգոստոսի 24-28-ը Ֆիզմաթ դպրոցում։ Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին, և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն էին տվել մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել նաև ոչ պաշտոնական մասնակիցներ՝ առավելագույնը 4 հոգի։

Օլիմպիադային մասնակցել են 30 երկրների 107 պաշտոնական և 64 ոչ պաշտոնական (մրցույթից դուրս) մասնակիցներ։ Հայաստանի թիմը ներկայացել է 4 պաշտոնական մասնակիցներով՝ Ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներ Ծովակ Եգորյան, Մարտին Խաչատրյան, Ալեն Ղազարյան և «Քվանտ» վարժարանի սան Գագիկ Գևորգյան, ինչպես նաև 1 ոչ պաշտոնական մասնակցով՝ Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայան:

Թիմը ղեկավարել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և ուսանող Սամվել Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ 2020 թ.-ին Հայաստանի թիմը Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան 4-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 2 բրոնզե մեդալների։

wp-apeth