Նոր ուսումնական տարին՝ վերակառուցված դպրոցում

Նոր ուսումնական տարին՝ վերակառուցված դպրոցում

Այսօր հանրապետության դպրոցներում հնչել է սեպտեմբերմեկյան զանգը: Տոնական տրամադրություն էր նաև Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի բակում: Հիմնանորոգումից հետո դպրոցը իր դռներն է բացել կրթօջախում սովորող շուրջ 1192 աշակերտի առջև:

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին:

Պաշտոնատար անձինք շրջել են  վերակառուցված դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեխնիկապես և գույքով հագեցված նոր պայմաններին: Այսուհետ դպրոցի սաները բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում: Պաշտոնյաները շնորհավորել են աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և կոչ արել լավ սովորել, սիրել դպրոցը և խնամքով վերաբերվել սեփական կրթօջախին:

Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը վստահեցրել է՝ ստեղծված նոր, անվտանգ ու հարմարավետ պայմանները լիարժեք կնպաստեն կրթօջախի հետագա գործունեության բարելավմանը:

Դպրոցականները վստահ են, որ նոր պայմաններում ավելի լավ են սովորելու, իսկ առաջին դասարանցի Անահիտը, որ նոր է հաճախում դպրոց, մեծ խանդավառությամբ ասում է. «Եկել եմ դպրոց տառեր, թվեր ու հետաքրքիր բաներ սովորելու»:

Նշենք,  որ նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է նաև Երևանի պետական համալսարան՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորելու Կենսաբանության ֆակուլտետի ուսանողներին: Փոխնախարարը նրանց խորհուրդ է տվել ոլորտն ուսումնասիրելիս մշտապես հետևել աշխարհում զարգացող նոր մոտեցումներին, առաջնորդվել նաև ժամանակակից գրականությամբ ու գիտելիքով: «Հաճա՛խ ժամանակ անցկացրեք լաբորատորիաներում, շա՛տ ուսումնասիրեք և մի՛ բավարարվեք միայն տեսական նյութով: Այս մասնագիտության մեջ դա շատ կարևոր է»,- ասել է Կարեն Թռչունյանը՝ հույս հայտնելով, որ ոլորտը ապագայում կունենա պատրաստված և ներկայանալի մասնագետներ:

wp-apeth