«Գառնի» պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ
2021 թվականի սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անցկացվել է նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ իրավունքի խաթարման երևույթները: Ըստ այդմ՝ ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 12-ին արգելոցի տարածքում մասնավոր միջոցառում կազմակերպելու վերաբերյալ գրության՝ նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով ՀՀ մշակույթի նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի N 430-Ա «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգով» սահմանված պահանջներով:
Ներկայում ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու, ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ: