17-րդ դարի hայ նկարչի կտավները Վինձորի ամրոց են վերադառնում 150 տարի անց
Անգլիայի Վինձորի ամրոցի այցելուներն այսուհետև այնտեղ կկարողանան տեսնել 17-րդ դարի հայ նկարիչ Մարկոսի` վերջերս վերականգնված երկու կտավը: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ կտավները տեղադրվել են Վինձորի ամրոցի թագավորական ճաշասենյակում՝ 150 տարի անց առաջին անգամ։ Վերջին անգամ դրանք ամրոցում են եղել 1870-ականներին։
Մարկոսն անհայտ նկարիչ է, և պարզ չէ, թե ինչպե՞ս և ե՞րբ են նկարները հայտնվել Անգլիայում։ Առաջին անգամ դրանք արձանագրվել են 1688 թվականին՝ Վինձորի ամրոցում, և կախված են եղել Ջեյմս երկրորդի պահոցում:
Արվեստի գործերի վրա պատկերված են զինվորական ազնվականության ներկայացուցիչ և Սպահանի հայկական շրջանի Նոր Ջուղայից չամուսնացած կին:
Նկարներում պատկերված անձինք պարսկական մետաքսից շքեղ գործվածքներով հագուստներով են։ Նմանատիպ հագուստով Սպահանի հայերն առևտուր էին անում ամբողջ աշխարհում։ Երկու դիմանկարներում կան նաև եվրոպական դրվագներ, ինչպիսիք են Վենետիկի գինու գավաթը, գերմանական ժամացույցները և հոլանդական ծաղիկները, որոնք խորհրդանշում են բարգավաճում։