Գյումրիում, Վանաձորում և Երևանում կցուցադրվեն Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները

Գյումրիում, Վանաձորում և Երևանում կցուցադրվեն Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում  Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907–2000 թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013 թթ.) գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրությունը տեղի կունենա ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ուղեկցությամբ:

Ցուցահանդեսի ընթացքում նաև կցուցադրվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղինակ` Արամ Սուքիասյան):

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը:

Ցուցադրությունները կիրականացվեն սեպտեմբերի 25-28-ը Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում» (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-4-ը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում, հոկտեմբերի 17-24-ը Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում:

Գյումրիում ցուցահանդեսի բացման հանդիսությունը տեղի կունենա «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում» սեպտեմբերի 25-ին: Նշենք, որ Գյումրիում բացման արարողության ընթացքում ելույթ կունենա «Կադանս» երաժշտախումբը (գեղարվեստական ղեկավար` Հակոբ Ջաղացպանյան): Ծրագրում` Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն:

Բացման հանդիսություններ տեղի կունենան նաև Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում, հոկտեմբերի 1-ին և Երևանում` «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում, հոկտեմբերի 17-ին: Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15:00-ին:

Տեղեկացնենք նաև, որ նախագծի շրջանակում կանցկացվի՝ «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ, «Ժամանակակից արվեստի թանգարանի» ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը:

Աշխատարանը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում» և հոկտեմբերի 2-ին` Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում: Սկիզբը` ժամը 13:00-ին:

wp-apeth