Մասնագիտական հաստատությունների և գործատուների մասնակցությամբ աշխատանքի տոնավաճառ է բացվել Գյումրիում

Մասնագիտական հաստատությունների և գործատուների մասնակցությամբ աշխատանքի տոնավաճառ է բացվել Գյումրիում

Գյումրիի երիտասարդական պալատում նոյեմբերի 19-ին կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ՝ «Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրով։

Միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի աջակցությամբ «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում։

Միջոցառման նպատակը Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին մեկ հարկի տակ միավորելն էր։ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են երկու տասնյակից ավելի գործատուներ և Շիրակի մարզում գործող շուրջ մեկ տասնյակ ՄԿՈՒ ուսումնական հաստատություններ։ Ընդհանուր առմամբ՝ տոնավաճառի ընթացքում ներկայացվել է Շիրակի մարզի շուրջ 127 գործատուների կողմից ներկայացված ավելի քան 650 աշխատատեղի առկա պահանջարկ, ինչպես նաև նշվել է սպասվող 113 նոր աշխատատեղի մասին։

Տոնավաճառի բացմանը ներկա են եղել ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը, Շիրակի մարզի գործատուներ և աշխատանք փնտրողներ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, կարևորելով աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը, նշել է, որ մարզում բարձր է գործազրկության ցուցանիշը, մյուս կողմից աշխատաշուկայում կան թափուր աշխատատեղեր, որոնք չեն համալրվում աշխատանք փնտրողների ոչ բավարար հմտությունների և կարողությունների պատճառով։

‹‹Աշխատաշուկան մասնագիտական կարողությունները զարգացնելու և հղկելու մշտական պահանջ է դնում։ Խզումը, որ աշխատաշուկայում կա գործատուի և աշխատանք փնտրողի միջև, կարող է նվազել մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով։ Այս իմաստով՝ աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը շատ կարևոր է››,- նշել է Շիրակի մարզպետը։

ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանն իր խոսքում նշել է, որ ՄԿՈՒ ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը աշխատանքի վրա հիմնված կրթությունն է։ ‹‹ԿԳՄՍ նախարարությունն այս իմաստով առանձնակի ուշադրություն է դարձնում մասնավոր հատվածի՝ գործատուների հետ համագործակցությանը և ուսումնական գործընթացում նրանց ներգրավմանը։ Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն իրականացվում է գործատուների անմիջական մասնակցությամբ, քանի որ արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը հնարավոր չէ արդյունավետ կազմակերպել՝ առանց գործատուի պահանջներն հաշվի առնելու, առանց ուսումնական և արտադրական պրակտիկայի››,- նշել է Արմենուհի Պողոսյանը։ Կարևորելով ԵՄ աջակցությունը «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրին՝ նա շնորհակալություն է հայտնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությանը ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների և գործատուների կապն ավելի արդյունավետ դարձնելու և մասնավոր հատվածի ընկերություններին դեպի կրթության ոլորտ ուղղորդելու համար։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ԿԳՄՍ նախարարության և Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների հետ, տոնավաճառի կազմակերպմանը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է կարողությունների զարգացման ծրագիր։ Նրա խոսքով՝ ծրագրի մասնակից ՄԿՈՒ չորս հաստատությունները՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանը, Արթիկի պետական քոլեջը և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջը, դասընթացների և ֆինանսական աջակցության շնորհիվ այժմ ունեն վերապատրաստված դասախոսական կազմ, մասնագիտությունների վերանայված մոդուլներ, մասնագիտական լաբորատորիաներ և դասասենյակներ։

‹‹Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության արդյունքում ձևավորվել և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորվել են 8 կարճաժամկետ և 4 երկարաժամկետ ուսումնական ծրագրեր, որոնց հիմքում աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) մոդելն է։ Տեքստիլ և ագրոբիզնես ոլորտներում ՄԿՈՒ հաստատությունների ուսումնական ծրագրերի արդիականացման ու զարգացման նպատակով համագործակցություն է ձևավորվել շահագրգիռ այլ կառույցների հետ››,- նշել է Վարդուհի Դադունցը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար։

Նա հավելել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շնորհիվ ՄԿՈՒ հաստատություններն ընդլայնել են տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության շրջանակը, որն էլ իր հերթին նպաստում է, որ ուսանողները ձեռք բերեն գործատուի պահանջներին համապատասխան գիտելիք ու հմտություններ։ Վարդուհի Դադունցի խոսքով՝ կարճաժամկետ դասընթացների մասնակիցներից շատերն արդեն աշխատանքով ապահովվել են, իսկ նրանցից 8-ը գործատուների հետ աշխատանքային պայմանագիր է կնքելու տոնավաճառի ժամանակ։

‹‹Աշխատանքի տոնավաճառում ներկայացված թափուր աշխատատեղերի մեջ մեծ է հատկապես արհեստագործական և միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պահանջը››,- նշել է «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը։

Միջոցառման շրջանակում կարևորվել է նաև մասնագիտական կողմնորոշման խնդիրը։ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են հանրակրթական դպրոցների բարձր դասարանների սովորողներ, որոնց ներկայացվել են ՄԿՈՒ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերն ու մասնագիտությունները: Տոնավաճառին մասնակցող քոլեջներն ու ուսումնարանները մասնագիտական կողմնորոշման նպատակով ներկայացրել են նաև շնորհանդեսներ. տաղավարներում ցուցադրվել են նրանց ուսումնական արտադրանքի արդյունքները:

wp-apeth