«Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները չեն մասնակցել հանրահավաքին. ՄԻՊ

«Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները չեն մասնակցել հանրահավաքին. ՄԻՊ

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի և «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի եզրափակիչ հավաքներին մասնակցության առնչությամբ վարչական ռեսուրսի չարաշահման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է  մշտադիտարկման արդյունքները:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 24/7 աշխատանքի սկզբունքով իրականացրել է տեղի ունեցած հավաքների ու ընտրական գործընթացին առնչվող մյուս բոլոր իրադարձությունների անկախ ու անաչառ ուսումնասիրություն, մշտադիտարկման են ենթարկվել հավաքները՝ ինչպես տեղում, այնպես էլ սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ: Անկախ քննության են ենթարկվել ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը, դիմումներն ու բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը:

Սույն հայտարարությամբ անդրադարձը կատարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու «Հայաստան» դաշինքի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հարցերին՝ նրանցից երկուսի համապատասխանաբար հունիսի 17-ի և հունիսի 18-ի եզրափակիչ հավաքների կազմակերպման հետ կապված:

Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա՝ հունիսի 17-ի հավաքի ժամանակ արձանագրվել են հրապարակումներ, այդ թվում՝ տեսանյութեր ու լուսանկարներ, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այդ թվում՝ նաև դպրոցներից) մասնակցությունը հավաքին: Եղել են հրապարակումներ հավաքին դատաիրավական մարմինների ու Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի աշխատակիցների քաղաքացիական հագուստներով ներգրավելու վերաբերյալ:

Արձանագրվել են հրապարակումներ այն մասին, որ «Հայէկոնոմբանկի» տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: Հայէկոնոմբանկի հետ կապված՝ 1 ահազանգ է ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին:

Հատուկ ուսումնասիրվել են տեսանյութերը, որոնցով պնդումներ են արվում «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտների ու աշխատակիցների, ինչպես նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ հունիսի 18-ին տեղի են ունեցել չհայտարարված այցեր այդ հոգեբուժական կազմակերպություններ:

Պարզվել է, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ չհայտարարված այցի ընթացքում հունիսի 17-ի հավաքին խնամյալների մասնակցության փաստեր չեն արձանագրվել: Այստեղ նույնպես արձանագրվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում ինչպես նշված, այնպես էլ որևէ այլ հոգեբուժական կազմակերպության պացիենտների ու խնամյալների մասին հրապարակումները դադարեցնել, զերծ մնալ նրանց քաղաքական հարցերի, այդ թվում՝ շահարկումների ներգրավելուց: Նման երևույթները թիրախավորման, խարանի ու խտրականության են արժանացնում հոգեբուժական կազմակերպություններում խնամվող անձանց, ոտնահարում են նրանց իրավունքները:

Հունիսի 18-ի հավաքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ, որոնք պարունակում են ստուգման ենթակա տվյալներ «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հավաքին մասնակցության համար վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երազ» բիզնես կենտրոնի աշխատակիցների կազմակերպված մասնակցությանը հունիսի 18-ի հավաքին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձաանագրել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից այս տվյալների հրապարակումը:

Արձանագրվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին ընտրություններին մասնակցության հարցին առնչվող հրապարակված ձայնագրությունը, ինչպես նաև Ա.Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը:

Նշված բոլոր տվյալները կուղարկվեն ՀՀ դատախազություն՝ ստուգման նպատակով:

Հատուկ ենք նշում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկել է իր տրամադրության ներքո եղած տվյալները կամ նյութերը:

Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմնարար կարևորությունը երկրի համար, ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պարտավորությունը՝ նշված տեղեկությունները պետք է իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակում ստուգման ենթարկվեն»:

wp-apeth