Վարդևանյանը՝ ՀՔԾ-ի՝ Չարչյանի խափանման միջոցի հայտարարության մասին

Վարդևանյանը՝ ՀՔԾ-ի՝ Չարչյանի խափանման միջոցի հայտարարության մասին

Հատուկ քննչական ծառայությանը երեկ ներկայացվել է ԱԺ 7 պատգամավորների և բժշկական ոլորտում հանրային մեծ վստահություն վայելող թվով 3 բժիշկներ: Նշված միջնորդությունը հասցեագրված է եղել վարույթն իրականացնող մարմնին: Այս մասին ֆեյսբուքիի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի մեկնաբանման, այդ թվում 2020 թվականի փոփոխություններից ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ երաշխավորության հարցը գտնվում է հենց իրենց քննության տիրույթում, քանի որ իբր վարույթն իրականացնող մարմին են:

Միաժամանակ ՀՔԾ-ն տեղեկացված է նաև, որ միջնորդություն է ներկայացվել Գլխավոր դատախազին կալանավորման վերացման մասով, հետևաբար այս հայտարարության իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է:

ՀՔԾ-ն տարրական մարդկային վերաբերմունքի ու գործի նյութերի տարրական պատշաճ գնահատման արդյունքում. 1) անանուն աղբյուրի հիման վրա գործ չէր հարուցի, 2) մամուլի խոսնակին քր-դատ սուբյեկտ չէր դարձնի, 3) առողջական վիճակի վատթարացման Պրոֆեսորին չէր հանգեցնի 4) ամենակարևորը` մոնտաժված տեսանյութով մեղադրանք չէր առաջադրի:

Ցանկալի կլիներ այս վիճակը բացառվեր և նման մակարդակի հանրային բանավեճ չլիներ, քանի որ նժարին արժանավոր մարդու առողջությունն է, իսկ կալանքը փաստացի վերածվել է ուղղակի` պատժի:

Հատուկ քննչական ծառայության մասով «ցանկալի կլիներ», որ դադարեցնեք խայտառակ քաղաքական հետապնդումները, այդ թվում այս գործով ծայրահեղ պրիմիտիվ ու աբուրդի հասնող քրեական դատավարության տարրական նորմերից դուրս հետապնդումը, վերադարձեք իրավական հարթություն, չնայած բոլոր դեպքերում այդպես էլ լինելու է»,- գրել է Վարդևանյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ: Կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին, նշված է ՀՔԾ հաղորդագրությունում:

«Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը, ուստի վերը նշված միջնորդությունը քննիչի կողմից ուղարկվել է դատախազին`  քննարկման նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը` առնվազն տարօրինակ ենք համարում հիշյալ միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին ներկայացնելու հանգամանքը: Ցանկալի կլիներ, որպեսզի մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները տիրապետեին քրեադատավարական այն տարրական նորմերին, որոնց համաձայն` կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին»,- նշված է ՀՔԾ հաղորդագրությունում:

wp-apeth