Շիրակի մարզի Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց
Շիրակի մարզի Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց: Նրանց մոտ ախտանիշներն ավելի շուտ են նկատվել, սակայն թաքցնելով դրանք, նրանք բժշկի դիմել են, երբ վերքերն ավելի են մեծացել: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:
«Այս պահին հիվանդանոցում նույն ախտանիշով բուժում է ստանում 8 հիվանդ: Հիվանդանոց ավելի վաղ դիմած 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Մյուսներն էլ առաջիկա օրերին: Համեմատաբար բարդ է նոր դիմած 2 կանանց մոտ: Նրանց մոտ ախտանիշը շուտ է ի հայտ եկել, բայց թաքցրել են այն: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են անցկացրել, ինչ մտքներով անցել է ու, երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել, դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին մեզ, ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,- նշել է Աստղիկ Բեյբությանը:
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց: 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: