Կնյազ Հասանովն ԱԺ նիստը բացեց միասնականության կոչով
Ութերորդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը նախագահող, ՔՊ-ից Կնյազ Հասանովը նիստը բացեց միասնական և հանդուրժող լինելու կոչով: Հասանովն այս մասին ասաց նիստի բացմանը:
Հասանովը նախ նշեց, որ հպարտ է, որ որպես տարիքով ավագ պատգամավոր իրեն հնարավորություն է ընձեռվում ինչպես 6-րդ, 7-րդ, այնպես էլ 8-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանը բացել: «Երևի իմ տարիքն ինձ հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ: Ես խնդրում և հորդորում եմ իմ եղբայր հայ պատգամավորներին լինել միասնական, միմյանց հանդուրժող, որովհետև այստեղ ներկա բոլոր պատգամավորների համար առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է, երկրի զարգացումն ու հզորացումը և ամենակարևորը՝ հայի պատիվը: Ուստի խնդրում եմ՝ եկեք բարձր պահենք այդ պատիվը: Դիմադիր և ընդդիմադիր հասկացողությունը պահենք չափի մեջ, լինենք միասնական, միմյանց նկատմամբ հարգանքով և անենք ամեն ինչ՝ Հայաստանը պահելու ավելի բարձր կարգավիճակում»,-ասաց Հասանովը:
ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
Նա հորդորեց անհիմն գործողություններով չթուլացնել երկիրը՝ նկատելով, որ որքան թույլ լինենք, հակառակորդն իրեն այնքան հզոր և համարձակ կզգա: «Ուստի խնդրում եմ ձեզ եկեք մեր պահվածքով և վարքագծով մեզ չթուլացնենք, լինենք հզոր: Հզոր մարդը և նրա պահվածքը վախեցնում է թշնամուն և հանգեցնում հաղթանակների»,-ասաց նա ու հորդորեց լինել միասնական, մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները, հասնել Հայաստանի հզորացմանը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն որպես տարիքով ավագ պատգամավորը 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանը հայտարարեց բացված: Հնչեց ՀՀ օրհներգը: