«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից առերևույթ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում:
Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնք միացվել էին մեկ վարույթում:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուրիստական գործակալության տնօրենը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, տուրիստական գործակալության գործողություններից հնարավոր այլ տուժածներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: