Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացը հասցեական չէ, բարդ է ու ձգձգումներով․ ՄԻՊ

Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացը հասցեական չէ, բարդ է ու ձգձգումներով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին 2020 թվականի ընթացքում շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ:

2021 թվականին Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ, որով ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը բարձրացվել է և սահմանվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված մարդկանց՝ 1936 թվականի փոխարեն:

«Իհարկե ողջունելի է, որ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմի փոփոխությամբ, ավանդի դիմաց փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնվել է նաև 2020 թվականին, սակայն այդ փոփոխությամբ շահառուների հասցեականության խնդիրը չի լուծվել»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Արման Թաթոյանին հասցեագրված բողոքները վկայում են, որ ավանդների փոխհատուցման գործընթացն արդարացիորեն չի գոհացնում քաղաքացիներին: Մարդկանց դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ փոխհատուցման սահմանված հասցեատերերի շրջանակը նեղ է, իսկ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը՝ ցածր, արդյունքում՝ հնարավոր է լինի շահառուների մի շրջանակ, որոնք մահացած կլինեն առանց իրենց իրավունքն իրացնելու, առավել ևս՝ Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձինք գտնվում են կորոնավիրուսային հիվանդության զարգացման բարձ ռիսկային խմբում:

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, այն չի կարող անցնել այլ անձի (բացառությամբ՝ զոհվածների ժառանգների), լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությամբ՝ ավանդների փոխհատուցման գործընթացում պետությունն ի սկզբանե նախատեսել է սոցիալապես խոցելի ավանդատուների սահմանափակ շրջանակ, ինչը չի բխում ծրագրի սոցիալական աջակցության սկզբունքներից:

«Խնդիրներից մեկն էլ վերաբերում է ավանդների փոխհատուցման բարդ ընթացակարգին․ որոշմամբ նախատեսված չեն ավանդների փոխհատուցման հստակ միջանկյալ և վերջնական ժամկետներ, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում ավանդների փոխհատուցման հարցում: Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ օրինակ՝ մարդը դիմել է սոցիալական աջակցության մարմին, սակայն մինչև ավանդի վճարումը (եթե ավանդը չի ներկայացվել վճարման) մահանում է. հաշվի առնելով ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարիքը՝ նշվածի հավանականությունը մեծ է: Տվյալ դեպքում ավանդատուի ավանդ ստանալու գույքային իրավունքը դադարում է:

Խնդիրը 2020 թվականի ընթացքում առավել ակնառու է եղել՝ պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով: Համավարակի պատճառով փոխհատուցման գործընթացն ավել է ձգձգվել, այդ մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները»,- ասված է հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ (նրանք հիմնականում տարեց անձինք են) անհրաժեշտ է ավանդների փոխհատուցման գործընթացը պարզեցնել, սահմանել հնարավորինս կարճ ժամկետներ սոցիալական աջակցության այդ իրավունքը լիարժեք երաշխավորելու համար։

wp-apeth