Արցախն 30 տարեկան է. թեմի առաջնորդի ուղերձը

Արցախն 30 տարեկան է. թեմի առաջնորդի ուղերձը

Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Այսօր՝ ուղիղ 30 տարի հետո, բոլորիս միավորել է հիշողությունն ու վերարժևորումը այն օրվա, երբ տասնամյակների ծանր շղթաները կոտրվեցին, երբ արցախցիների հոգու մեջ դարերով ծածկված, ճնշված ու խտացված ուժի վերածված ազատության ձգտումը ժայթքեց և ստացավ իր արժանի բանաձևումը՝ Արցախը այլևս անկախ է։

Մեր ժողովուրդը ընտրեց արժանապատիվ ապրելու ուղին՝ գիտակցելով թե ինչ թանկ գին պետք է վճարի այդ ընտրության համար, կամավոր ընտրեց և վճարեց այդ գինը, բազում փորձություններ հաղթահարելով ազատեց Արցախը, որպեսզի այնտեղ կարողանա իրականություն դարձնել իր հռչակագիրը։

Վստահաբար բոլորս էլ համակվում ենք անսովոր զգացողություններով, երբ Արցախյան վերջին գոյապայքարից հետո կանգնում ենք դրան նախորդող մեր որևէ հաղթանակի կամ ձեռքբերման հիշատակի առաջ, որովհետև ներքին հարցեր են առաջանում․ արդյո՞ք հիմա պետք է տոնենք կամ հիշատակենք այն տոները, որոնց ձեռքբերումներն այսօր կարծես թե չկան։ Մարդկային պարզ տրամաբանությամբ չկա ո՛չ կարիք, ոչ էլ տոնելու սիրտ։ Բայց արդյո՞ք մեր ազգային կյանքը միայն մարդկային տրամաբանությանն է ենթակա: Ո՛չ իհարկե, մեր ժողովրդի կյանքը բացի նյութական իրողություն լինելուց, ավելի շատ հոգևոր իրողություն է։

Հիմա, երբ կանգնած ենք մեր կարևոր ձեռքբերումներից մեկի հիշատակի առջև, լավագույն առիթն ունենք մտորելու, դասեր քաղելու, մեր բացթողումները վեր հանելու և առաջ շարժվելու կամքը ավելի հզորացնելու համար։ Այսօր մենք պետք է մեր անձը մոռանանք, միանանք հոգեկան հաղորդությամբ և մեր աղոթքներն ու ջանքերը ուղղենք մեր հայրենիքի հզորացման վրա, որովհետև ամեն ինչ անհետ կորած չէ։ Աստված թողել է այս մնացորդացը, որի վրա պետք է ամուր կանգնենք ու առաջ շարժվենք։

«Նահատակների արյունը գծում է մեր կյանքի և մեր պարտականության ճանապարհը»։ ԵՎ իսկապես այսօր մեր նվիրյալ նահատակների պատգամն է, որ մենք կարողանանք մեր կյանքով հարգել այն, ինչ որ նրանք մահով և արյունով հարգեցին, և սա պետք է ամեն մեկիս համար մի նոր մղում լինի։

Ուստի կոչ ենք անում հայ ժողովրդի բոլոր զավակներին, որ միասնական կեցվածքով, ամբողջական և անվերապահ աջակցությամբ զորավիգ լինեն Արցախի մեր արիասիրտ ժողովրդին, իրենց եղբայրներին և քույրերին, և հաճախակի այցելություններով և հանձնառու մասնակցությամբ ներդրումներ կատարեն Արցախի մեր ժողովրդի զորացման և կյանքի բարգավաճման համար։

Կոչ ենք անում հատկապես Արցախի մեր ժողովրդին մնալ տոկուն, անխախտ իրենց քրիստոնեական Սուրբ հավատքի մեջ և հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, կապված մնալ իրենց պապերի սուրբ հողին։

Հորդորում ենք Արցախի մեր այն զավակներին, ովքեր պատերազմի և այլ պատճառներով հարկադրված են եղել թողնել իրենց տներն ու հողերը, վերադառնալ Արցախ և տեր կանգնել իրենց հայրենական ժառանգությանը։ Որքան աճի Արցախի բնակչությունը, որքան շատ մշակվի հողը և զարգանա տնտեսությունը, հոգևոր, կրթական, մշակութային կյանքը, այնքան ավելի կամրանա ազատ ապրելու մեր կամքը, որը սիրտն է Արցախյան ազատագրական պայքարի։

Աստվածաշունչ մատյանը Սուրբ Պողոս Առաքյալի բառերով ասում է․ «Նեղությունները համբերություն են առաջ բերում և համբերությունը՝ տոկունություն, և տոկունությունը՝ հույս. և հույսը երբեք չի ամաչեցնի» (Հռոմ. Ե 4-5):

ՀՈՒՅՍԸ թող լինի մեր կյանքի լույսը, որը վառվում է ՀԱՎԱՏՔՈՎ և ճառագայթում ՍԻՐՈՎ»:

wp-apeth