Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններն ավարտվել են

Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններն ավարտվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում է: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։

«Այդ ամենն անմիջապես կապված է մեր երկրի կայունության հետ։ Համապատասխանաբար, մեր տարածաշրջանային նպատակները երեքն են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն։ Ինչպես հայտնի է, Վրաստանը Հարավային Կովկասում միշտ եղել է խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից, որոշ ժամանակ առաջ դա գործով ապացուցեցինք։ Մի քանի ամիս առաջ 3 երկրի առաջնորդներով՝ Վրաստանի և, հատկապես, իմ միջնորդությամբ, պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին կարևոր փաստաթղթերի՝ քարտեզների տրամադրման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։ Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ մեդիատոր միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա շեշտել է, որ Վրաստանը պատրաստ է նոր համագործակցության գաղափարներ, նոր նախագծեր քննարկել։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի առաջնորդները քննարկել են նաև հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապերի հետ, այդ թվում՝ խոսել են Փաշինյանի մասշտաբային նախագծերի մասին։

«ՀՀ վարչապետի հետ խոսել ենք նաև զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի ոլորտների մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք մենք քննարկեցինք և որոնց շուրջ ունենք լրիվ նույն պատկերացումները։ Ցանկանում եմ ասել, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ, ինչի մասին նույնպես քննարկում ունեցանք։ Այդ ներուժը պետք է ամբողջությամբ օգտագործվի։ Տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարում բազմաթիվ հակամարտություններ են եղել, որոնք լուծելու մեր ընդհանուր տեսլականն ու ջանքը պետք է լինի այն, որպեսզի փուլերով հնարավորություններ ստեղծվեն տարածաշրջանի համար։ Մենք հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել»,- նշել է Ղարիբաշվիլին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը կդառնա  ավելի արդյունավետ և սերտ։

«Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր։ Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ համագործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»,- ասել է Փաշինյանը։

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

wp-apeth