Կմեկնարկի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը

Կմեկնարկի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը և սահմանել նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները: Ըստ այդմ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի, այդ թվում Բագրուշատի թունելի, կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվել է որպես առաջնահերթություն, հաստատվել ներդրումային ծրագիրը՝ նախատեսելով ծրագրի շրջանակում ձեռքբերվող շինարարական աշխատանքների նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև կարգավորել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման գործընթացի հետ կապված առանձնահատկությունները։ Մասնավորապես, հաշվի առնելով ներդրումային ծրագրի կարևորությունը և ռազմավարական նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային զարգացման համար, ինչպես նաև հաշվի առնելով մրցույթի ծավալները և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվելու հավանականությունը՝ առաջարկվում է ներդրումային ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգը կազմակերպել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների միջազգային ուղեցույցով սահմանված աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման փաստաթղթերի օրինակելի ձևաչափերի հիման վրա։

Ըստ հիմնավորման՝ Հյուսիս-հարավը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն: Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման համար մինչ օրս վարկային պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ: Հյուսիս-հարավ ծրագրի ներկա փուլում շինարարական աշխատանքները ընթանում են հյուսիսային ուղղությամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել ուշադրությունը կենտրոնացնել հարավային ուղղության (Տրանշ 4) վրա: Ծրագրի առաջնահերթությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինիս իրականացումը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի հարավային շրջանների անվտանգությունը, ապահովել ճանապարհային անվտանգության պահանջվող մակարդակը, նպաստել հարավային շրջանների տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ նշված մարզերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

Որոշմամբ նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ և դրանց հետ կապված այլ գործողությունները: Նախագծողի կողմից նախապատրաստված նախահաշվի համաձայն՝ ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 474.3 մլրդ ՀՀ դրամ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով տրվում է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի արդեն շինարարական գործընթացի մեկնարկի փուլ: «Հիմա մենք մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, որից հետո հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք ընդհանուր առմամբ, ճիշտ է՝ հիմա ծրագիր-4-ը Սիսիան-Քաջարան հատվածն է, բայց մենք Սիսիան-Ագարակ հատվածը դիտում ենք որպես մեկ ամբողջություն»,-ասել է կառավարության ղեկավարը և փոխվարչապետ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել, թե Քաջարան-Ագարակ հատվածի հետ կապված ե՞րբ են այդ փուլը մտնելու:

Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Քաջարան-Ագարակ հատվածի իրականացումը շատ ավելի հեշտ է, ներգրավված են նաև ֆինանսական միջոցներ: «Առավել բարդը Քաջարանի թունելի հատվածն է, որին ևս առանձին պիտի անդրադառնանք: Այսինքն՝ երկու հատվածի համար, այն է՝ Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ, կտանք մրցույթի մեկնարկը, զուգահեռ նաև կսկսենք գործընթաց՝ Քաջարանի թունելի համար ֆինանսական միջոցների հստակեցման և այդ աշխատանքների մեկնարկը նույնպես տալու ուղղությամբ»,-ասել է փոխվարչապետը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաջորդը Թալին-Գյումրի հատվածն է, որտեղ հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացնում: «Մենք պլանավորել էինք, որ 2020 թվականին Գյումրի-Թալին հատվածի մի ուղղությունը պիտի շահագործման հանձնվեր, բայց կորոնավիրուսի համավարակի հետ կապված ծրագիրն իրականացնող մեր օտարերկրյա գործընկերները չկարողացան ժամանել»: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրել է, որ գործընկերներին տրված վերջնաժամկետը հոկտեմբերի 20-նն է. «Կարծում եմ՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ կունենանք մեկ ուղղությամբ բացված Թալին-Գյումրի ճանապարհահատվածը»:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է ծրագիր 4-ի կարևորությունը՝ այն համարելով երրորդ հանրապետության պատմության ամենամասշտաբային շինարարական նախագիծը: «Սա շատ լուրջ մարտահրավեր է, և պետք է խնդիրը պատվով կատարենք: Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը: Դա նաև որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու այդ նախագծերի շրջանակներում: Իհարկե, եթե հարցը դիտարկում ենք ավելի լայն համատեքստում, տարածաշրջանային բոլոր տնտեսական կոմունիկացիաների բացման համատեքստում այս ծրագիրը բոլորովին ուրիշ մասշտաբ և նշանակություն է ստանում: Եվ հույս ունեմ, որ մենք սա իսկապես պատշաճ մակարդակով և ժամկետներում կիրականացնենք»,- ասել է վարչապետը:

wp-apeth