Պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում են առողջապահության, մշակույթի, բիզնեսի ոլորտները: Վարչապետ Փաշինյանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը և անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին:
«Տեսեք, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և՛ արտգործնախարարների մակարդակով, և՛ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, և կարող եմ ասել, որ մի քանի ագամ արդեն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա է հայտարարում, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ «Ձեր կոնկրետ նշած հարցին կարող եմ տալ հետևյալ պատասխանը․ ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։
Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չէ: Տեսեք, մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը. մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն՝ այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք, ու որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատվաբեր չի լինի, ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որևէ այլ բան այլ կերպ անել։
Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ, արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն։ Ինչ վերաբերում է վստահությանը, պարզ է, որ այս իրավիճակում Ադրբեջանը մեզ չի վստահում, մենք Ադրբեջանին չենք վստահում, և ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։ Այդ վստահությունն ինչո՞ւ է կարևոր, որ կարողանանք, այո, նաև հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ»,- նշել է վարչապետ Փաշինյանը։