Վթարի հետևանքով մահացել է անչափահաս երեխա
2021թ. օգոստոսի 29-ին` ժամը 19:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 139-րդ կ/մ հատվածում միմյանց են բախվել «MERSEDES BENZ» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները և «MERSEDES BENZ» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը՝ 3-ամյա աղջիկը, մահացել է: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: