Փրկարարները 427 կանչի են արձագանքել
Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 427 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Անցած շաբաթ՝ 63 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ փրկարարները 188 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Կոտայքում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 19 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 10 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 2 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 2 մարդ:
Անցած շաբաթ փրկարարները հրդեհային անտարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման եւ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեությունը», «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում», «Տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը ուսումնական հաստատություներում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը համալսարանում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հատուկ դպրոցում», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը ատոմակայանի 23-Պ տրանսֆորմատորի վրա», «Ատոմակայանի վթարի դեպքում տարհանված բնակչության ընդունում, տեղաբաշխման կազմակերպում եւ իրականացում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: