Հայ բռնցքամարտիկները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Оլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին: 43 երկրի ավելի քանի 300 մարզիկի մասնակցությամբ եվրոպական ընտրական մրցաշարը մեկնարկել էր 2020 թվականի մարտի 14-ին Լոնդոնում, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մրցումային երրորդ օրվանից դադարեցվել էր. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեում Տոկիոյի խաղերի բռնցքամարտի մրցումները համակարգող աշխատանքային խմբի որոշմամբ՝ մրցաշարը հունիսի 4-8-ը շարունակվելու է Ֆրանսիայի մայրաքաղաքում:
Հայ բռնցքամարտիկներից ռինգ են դուրս գալու Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որը դեռևս Լոնդոնում ապահովել է ՕԽ ուղեգիրը և պայքարը շարունակելու է 1/4 եզրափակչից, Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ):
Մրցաշարից առաջ բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Ծաղկաձորում և «Օլիմպավանում», որոնք հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գնահատմամբ՝ լիովին ծառայել են իրենց նպատակին. «Հավաքների արդյունքում բռնցքամարտիկներն օրեցօր բարելավել են մարզավիճակը, բարձրացրել դիմադրողականությունը, տրամադրվածությունն էլ առավել մարտական է դարձել: Ամպագոռգոռ խոսքեր չեմ ցանկանում ասել, բայց բոլորն էլ վստահ են իրենց ուժերին և ունեն վարկանիշ ձեռք բերելու հնարավորություն: Կարևոր չէ՝ ռինգը Փարիզո՞ւմ է, թե՞ Լոնդոնում, կարևորը լավ պատրաստվածությունն է և տրամադրվածությունը: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կընթանա»:
Ռաֆայել Մեհրաբյանի խոսքով՝ մեկ տարվա դադարն ունի իր ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցությունը. «Այս ժամանակահատվածում հասցրել ենք լավագույնս ուսումնասիրել մրցակիցներին, ինչը դրական է: Բացասականն էլ այն է, որ համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով չհաջողվեց մարզումային ծրագիրը լիովին կատարել՝ ծրագրել էինք հավաքներ անցկացնել նաև արտերկրում, այլ հավաքականների հետ: Ամեն դեպքում չեմ ասի, թե վատ ենք նախապատրաստվել»:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն Օլիմպիական խաղերի 9 ուղեգիր ունի. բացի Կորյուն Սողոմոնյանից՝ ուղեգրեր են նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, աթլետ Լևոն Աղասյանը: