Հայ աթլետները 9-րդն են Եվրոպայի թիմային առաջնությունում
Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը, որի երրորդ խմբի մրցաշարին մասնակցել են հայ մարզիկները:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը, որը վերջերս նվաճել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր, լավագույնն է եղել եռացատկում՝ գրանցելով 16.77 մ արդյունք: Կանանց եռացատկում Հայաստանի գործող չեմպիոն և ռեկորդակիր Յանա Սարգսյանը 12.68 մ արդյունքով եզրափակել է լավագույն եռյակը: Մրցանակակիր է դարձել նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը, ով 3000 մետր արգելավազքում լավագույնն է եղել 8:59.80 արդյունքով, իսկ 1500 մետր վազքում զբաղեցրել է 3-րդ տեղը (3:50.84): Արագավազորդ Ալեքսանդր Դոնիգյանը 100 մետր մրցաձևում 10.65 վրկ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 800 մ վազքատարածությունում եզրագիծը երրորդն է հատել Էլլադա Ալավերդյանը (2:12.49):
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը վաստակել է 300 միավոր և 16 հավաքականների պայքարում զբաղեցրել 9-րդ հորիզոնականը:
Բացի վերոնշյալ աթլետներից՝ Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցել են նաև Գագիկ Ադամյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Ռաֆիկ Օհանյանը, Ռոման Ալեքսանյանը, Վանյա Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Մանուկ Մանուկյանը, Պետրոս Հովհաննիսյանը, Մարիաննա Բաղյանը, Մելինե Ադամյանը, Գայանե Չիլոյանը, Դիանա Արզումանյանը և Մարիամ Մկրտչյանը: